Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղերի համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net–ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:
Մեզ հետ զրույցում իր դիրքորոշումն է ներկայացրել փաստաբան Գուրգեն Գրիգորյանը:
-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:
Որպես խորհրդի անդամի թեկնածու, գտնում եմ, որ առկա է մի քանի փոփոխությունների անհրաժեշտություն`
ա. Քանի որ գործող փաստաբանները միմյանց հետ շփվում են դատական նիստերում և սոցցանցերի միջոցով, ուստի շատ կարևոր եմ համարում մարզերում և Երևան քաղաքում փաստաբանների միջև միջոցառումների միջոցով շփումն իրականացնելուն, որոնք չպետք է պակաս լինեն առնվազն տարեկան երկու անգամից, որին մասնակցությունը պարտադիր պետք է լինի պալատի աշխատակազմի տեղակալների մակարդակով, ինչպես նաև խորհրդի անդամների առնվազն կեսի մասնակցությամբ, որտեղ հնարավոր կլինի քննարկել ցանկացած հարց: Նման շփումը կավելացնի փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ:
բ. Խորհրդի կարևոր որոշումների քննարկման ժամանակ (օրենսդրական նախագծերի մշակում, կանոնադրական փոփոխություններ և այլն) նախապես քննարկում անցկացնել մարզերում, իսկ Երևան քաղաքում` փաստաբանական համայնքներում, ստանալ համապատասխան եզրակացություն և նոր միայն ներկայացնել խորհրդի քննարկմանը` հաշվի առնելով համապատասխան եզրակացությունները: Քննարկումներին պետք է պարտադիր մասնակցեն խորհրդի անդամները, ինչպես նաև նախագիծ(եր) ներկայացրած փաստաբանը կամ փաստաբանական խումբը:
գ. Վերականգնել կարգապահական հանձնաժողովն ամբողջությամբ` հնարավորություն ստեղծելով կարգապահական հանձնաժողովում որոշում կայացնել կարգապահական վարույթներով: Հնարավորություն տալ այն փաստաբանին, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որոշումն առանձին բողոքարկելու խորհուրդ: Նման ձևաչափը հավասարության և անաչառ քննարկման հնարավորություն կստեղծի բոլորի համար, և կասկածի տակ չի դնի կայացրած որոշումը:
Ամեն ինչ անել` վերացնելու փաստաբանների միջև դասակարգումը, այն է` բոլոր փաստաբանները հավասար են և չեն կարող լինել պրոֆեսիոնալ, ճանաչված կամ էլիտար փաստաբաններ:
–Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:
-Անձամբ խորությամբ ծանոթ չեմ առկա խնդրին և չեմ ցանկանում դրա վերաբերյալ հայտարարություն անել, հուսով եմ պալատի ֆինանսական միջոցների չարաշահման վերաբերյալ հարցը կլուծվի , իսկ պատճառված վնասը կվերականգնվի, իհարկե, ցավում եմ, որ այդ հարցը առանց այսքան հրապարակային քննարկման չի լուծվել:
–Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
Համաիտ եմ, որ պալատի ֆինանսական հաշվետվությունը պետք է լինի առավելագույն թափանցիկ: Պալատի կողմից ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման դեպքեր ինձ հայտնի չեն:
Ընտրվելու դեպքում իմ կողմից ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախսման դեպքեր հայտնաբերվելու դեպքում համոզված եղեք, որ այդ հարցը կբարձրացվի, իսկ եթե լինեն արդյունավետ առաջարկներ, այն կներկայացվի քննարկման: