Կալանավորների հետ տեսակցությունների գործընթացը կհեշտացվի

Կառավարության փետրվարի 9-ի նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանը ներկայացնելու է որոշման նախագիծ, որն ուղղված է լինելու կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած անձանց հերթերի առաջացումը կանխելու և տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումները բացառելուն:

Կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի XVI գլխի 137-րդ կետում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ վերջինիս տեղակալին կալանավորված անձին կամ դատապարտյալին փաստաբանի կամ պաշտպանի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների կամ այլ անձանց հետ տեսակցություն տրամադրելու հնարավորություն ընձեռել, ինչն էապես կնվազեցնի քրեակատարողական հիմնարկի պետի ծանրաբեռնվածությունը:

Գործող կարգավորումների շրջանակներում կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցության եկած անձանց թույլտվություն տալու իրավասությունը պատկանում է քրեակատարողական հիմնարկի պետին և միայն նրա բացակայության դեպքում՝ տեղակալին: Սակայն գործնականում հաճախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով տեսակցության թույլտվություն տրամադրելու որոշումները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից հնարավոր չի լինում ընդունել սեղմ ժամկետներում: Արդյունքում տեսակցության եկած անձինք ստիպված են լինում տեսակցության թույլտվության համար սպասել որոշակի ժամանակ, ինչը գործնականում առաջացնում է նրանց արդարացի դժգոհությունը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել