Վարչապետն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

Փետրվարի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացրեց ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայկարամ Մխիթարյանին՝ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելու համար և շնորհավորեց Դ. Տոնոյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ.

-Պարոն Տոնոյանին ճանաչում ենք որպես պարկեշտ, կազմակերպված կառավարիչ և հայրենասեր մարդ ու սպա: Կարծում եմ, որ չնայած մեծ պատասխանատվությանը, նրա համար այս պաշտոնում աշխատելը կլինի հեշտ` հաշվի առնելով այն, որ ԱԻՆ-ը կայացած համակարգ է: Մենք վստահ ենք, որ պարոն Տոնոյանն անձնակազմի օգնությամբ իր առջև դրված բոլոր խնդիրները կիրականացնի:

Կ. Կարապետյանը տվեց նաև որոշ հանձնարարականներ.

-Ակնկալում ենք նախարարից՝ կարգավորել ու կանոնակարգել սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացումը, զարգացնել աղետների վաղ ազդարարման համակարգը. դրա ներդրման աշխատանքները 10 համայնքներում պետք է իրականացվեն կառավարության ծրագրի ընդունումից հետո՝ վեցամսյա ժամկետում: Անհրաժեշտ է փրկարարական, վթարավերականգնողական աղետների հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների առավել ակտիվ կազմակերպում ու իրականացում, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրի գերակա խնդիրներում ներառված համայնքներում աղետների ռիսկի բացահայտման և գնահատման համակարգի փուլային ներդրում՝ գերակա խնդրի միջոցով-եզրափակեց վարչապետը:

ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը նախարարության աշխատակազմի անունից շնորհավորեց նորանշանակ նախարարին և բեղմնավոր գործունեություն մաղթեց:

Նախարար Դ. Տոնոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ աջակցության հույս հայտնելով.

– Ինձ համար մեծ պատիվ է Արտակարգ իրավիճակների նախարարությունում ծառայելը և մեծ պարտավորություն, քանի որ անհրաժեշտ է արդարացնել տրված վստահությունը: Հավատացած եմ, որ պետք է պահպանել և բազմապատկել այն ամենն, ինչ ձեռք է բերել երջանկահիշատակ Արմեն Երիցյանը: Ունենք կայացած համակարգ և ինձ մնում է ապահովել շարունակականությունը: Ակնկալում եմ ձեր բոլորի ներուժն ու աջակցությունը, թիմային ամուր աշխատանքը:

Դ. Տոնոյանն անդրադարձավ նաև նախարարության գերակա խնդիրներին՝ շեշտադրելով առաջնային լուծում պահանջող հարցերը: Նորանշանակ նախարարը նշեց, որ իր ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես քաղպաշտպանության խնդիրները:

Դավիթ Տոնոյանը շրջեց նախարարությունում, ծանոթացավ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատանքներին:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել