Պետք է տեսնենք՝ արդյո՞ք ձեռք տալիս է Գարո Փալյանի այցը Հայաստան. Գալուստ Սահակյանը՝ Փոստանջյանին

ԱԺ նիստի ժամանակ այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանին հրավիրել Հայաստան:

«Քանի որ նա այդ ուղերձը պարբերաբար բարձրացնում է Թուրքիայի խորհրդարանում և այդ ուղերձի ներքո ճնշումների է ենթարկվում, ապա մենք մեր համերաշխությունը պետք է հայտնենք նրան որպես մեր գործընկերոջը, և այդ պաշտոնական հրավերը կարծում եմ, որ հենց Դուք պետք է անեք», – ասաց Փոստանջյանը:

Գալուստ Սահակյանը նրան պատասխանեց. «Պետք է վերլուծենք և տեսնենք՝ արդյո՞ք ձեռք տալիս է նրա այցը Հայաստան, և մենք ի՞նչ ենք ուզում դրանով առաջ քաշել։ Այնպես որ միտքը շատ լավն է, ընդունելի է բոլորիս կողմից, բայց միևնույն ժամանակ այստեղ քաղաքական խնդիր կա, պետք է խոսենք նաև այդ մասին»:

Նշենք, որ այսօր Զարուհի Փոստանջյանը հրապարակել է Գարո Փայլանին ուղղված իր նամակը.

«Սիրելի Գարո, եղբայր, որքան նման են իմ և քո, մեր` 21-րդ դարի հայերիս զգացմունքները, պահանջները և երազանքները: Տեսնելով և լսելով քեզ` յուրաքանչյուր հայի մեջ արթնանում է արդարության վերականգնման իր բաժին պարտավորության և պարտականության իրագործման պահանջը: Թուրքական կառավարությունների հատուկ ծրագիրը` մոխրի վերածել մեզ և մեր Հայրենիքը` ոչնչացնել իմ և քո, մեր բոլորիս Արևմտահայաստանի քաղաքակրթությունը և կոտորել հայ ժողովրդին ցեղասպանության միջոցով, թեպետ նրան, որ իրականացվեց, այնուամենայնիվ, չկարողացան մեզ վերացնել: Հրաշքով կենդանի մնացած մեր պապերը և տատերը պայքարեցին ու ապրեցին` կյանք տվեցին հայ ժողովրդի նոր սերնդին:

Related imageԵս և դու, լինելով այդ հրաշքով փրկված պապերի և տատերի չորրորդ սերունդը, պետք է ծնվեինք 1972-ին: Երկուսիս նախնիները, անկախ միմյանցից լինելով Խարբերդի նահանգից և անոր ոսկե քաղաքներից` Մալաթիայից ու Արաբկիրից, մեզ փոխանցեցին հանձնառություն` պահանջել արդարություն: Երբ մենք ծնվեցինք, կարծում եմ` մեր ծնողքը չէին կարող պատկերացնել, որ երբևէ խորհրդարանական հարթակից, դու` թուրքական պետության, ես` հայկական, պետք է պահանջենք արդարություն, պետք է պահանջենք դատապարտում:

Եղբայր, քո կողմից լռության խախտման շնորհիվ Մայր Արաքսի այս ափից` Արարատյան սրբազան հողից նույնպես գալու է արձագանք, որը տարածվելու է ողջ Հայկական բարձրավանդակով: Մեզանից հատված և զատված, դեռ չիմացության մեջ գտնվողները նորից հայանալու են, նորից մեր սրբազան Եփրատը հայերեն է երգելու, Տավրոսը հայերեն է խոսելու և Մհերի Դուռը բացվելու է:

Եղբայր, դու ապրում ես Պոլսում` մեր պապերի մայրաքաղաքում, ես ապրում եմ Երևանում` ներկայիս հայկական մայրաքաղաքում, ունենք նաև ազատագրված հայկական մայրաքաղաք Ստեփանակերտ, մինչև մեր երազանքին հասնելը` Միացյալ Հայրենիքի մայրաքաղաքի` Կարինի վերահայանալը, դու պետք է գաս Երևան և Ստեփանակերտ: Պետք է գաս և հայոց խորհրդարանի հարթակից ներկայացնես մեր պապերից ստացած հանձնառությունը: Պետք է հղես ուղերձդ Արագածի լանջերից դեպի սրբազան Արարատ: Եղբայր, հայ ժողովուրդը Մայր Արաքսի այս ափին սպասում է քեզ», – գրել է Փոստանջյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել