Այսօր առավոտյան ժամը 09։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու Ազատավան գյուղ տանող կամուրջ չհասած մարդատար ավտոբուս է կողաշրջվել:
Տեղեկությունը Իրավաբան.net-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով 4 մարդ է հոսպիտալացվել:
ԱԻՆ-ը տեղեկցնում է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «FAW» մակնիշի 3164L պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ 1958 թ. ծնված Ս. Ֆ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1980 թ. ծնված Ա. Դ.-ը, 1964 թ. ծնված Ն. Պ.-ը, 1970 թ. ծնված Հ. Դ.-ը և 1994 թ. ծնված Ա. Հ.-ը հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Դ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Հ. Դ.-ը, Ն. Պ.-ը և Ա. Հ.-ը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նույն հատվածում մեկ այլ՝ շղթայական վթար է եղել, որի հետևանքով 4 ավտոմեքենաներ են իրար բախվել: Այդ վթարի արդյուքնում ոչ մի տուժած չկա և եղել է միայն գույքային վնաս:
Արդյոք Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը եղել է վթարի մասնակից՝ ոստիկանությունում լուրը չհաստատեցին: