Փորձեք վերակենդանացնել շուրջ 20 տարի «սպանված» Ձեր լիազորությունը. Արթուր Ղամբարյան

«ՀՀ քննիչնե՛ր, փորձեք վերակենդանացնել առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու՝ օրենքով նախատեսված, սակայն շուրջ 20 տարի «սպանված» Ձեր լիազորությունը»,- ֆեյսբուքյան  իր էջում գրում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ հղում անելով իր կողմից կատարված վերլուծական հոդվածին:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

ՔՆՆԻՉԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ

ՀՀ քրեական դատավարությունում երկար տարիներ որպես բացարձակ ճշմարտություն է համարվել այն, որ քննիչը դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք չունի. նման լիազորություն տրված է միայն դատախազին: Քննիչի կողմից դատական ակտերի՝ վերաքննության կարգով բողոքարկելու հարցը պետք է քննարկել երկու հարթությունում՝ դատավարագիտության և պոզիտիվ իրավունքի:

Հարից դատավարագիտական տեսանկյունը: Ներկայիս պայմաններում սույն հարցի վերաբերյալ դատավարագետների կարծիքը կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խումբ դատավարագետներն այն կարծիքին են, որ քննիչը պետք է իրավունք ունենա բողոքարկելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կապակցությամբ կայացված դատական ակտերը, քանի որ բողոքարկման իրավունքը պատկանում է կողմերին, իսկ քննիչը մեղադրանքի կողմի մասնակից է: Քրեական վարույթ իրականացնող անձը պետք է իրավասու լինի բողոքարկելու դատական ակտն այն դեպքերում, երբ նա դատական վեճի կողմ է, քննիչը պետք է իրավունք ունենա պնդելու իր դատավարական շահը[1]:  ՌԴ գերագույն դատարանի դատավորը Ա. Չերվոտկինն ատենախոսության մեջ նշում է, որ քննիչը պետք է իրավասու լինի բողոքարկելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերը, քանի որ նա այդ վարույթում մեղադրանքի կողմի լիիրավ մասնակից է, իսկ եթե նիստին դատախազը չի մասնակցում, ապա քննիչը միակ մասնակիցն է[2]։ Նման դիրքորոշում է հայտնել նաև ՌԴ Սենկտ Պետերբուրգի դատարանի դատավոր Օ. Կուզմինը՝ նշելով, որ Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանում ձևավորվել է քննիչների ներկայացրած բողոքները քննելու տարածված պրակտիկա, նույնիսկ հանդիպել են դեպքեր, երբ դատախազն առարկել է բողոքների դեմ, սակայն դատարանը բավարարել է քննիչի բողոքը[3]:

Դատավարագետների երկրորդ խումբը դեմ է քննիչին՝ դատական ակտը բողոքարկելու լիազորություն վերապահելու մոտեցմանը: Ն. Կոլոկոլովը մերժում է քննիչին դատական ակտը բողոքարկելու իրավունք վերապահելուն այն հիմնավորմամբ, որ մեղադրանքի կողմը կարող է ունենալ միայն մեկ դիրքորոշում, որը որոշում է դատախազը[4]: Կ. Ժուդրոն կարծում է, որ քննիչը դատական ակտը բողոքարկելու սուբյեկտ չէ, քանի որ քրեական դատավարությունում հանդես չի գալիս իր անունից, այլ իրականացնում է պետության օժտած և օրենքով սահմանված լիազորությունները: Ինչ վերաբերում է քննիչի աշխատանքի արդյունքները ներկայացնելուն, ապա այն դատախազի բացառիկ լիազորությունն է[5]: Այս փաստարկի վերաբերյալ գրականության մեջ նշվում է. «Դժվար չէ ենթադրել, որ այս դիրքորոշումը պայմանավորված է երկու հանգամանքով, մի կողմից՝ այն դատախազի ու քննիչի՝ որպես ենթակայության վրա հիմնված փոխհարաբերությունների ստերեոտիպային ընկալման արդյունք է, մյուս կողմից՝ առանձին դատավորների՝ լիովին հասկանալի ցանկությունն է սահմանափակել բողոքարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ դրանով իսկ նվազեցնելով դատական ակտերի կայունության սպառնալիքները: Դրա հետ մեկտեղ այս մոտեցումը չի արտացոլում մինչդատական վարույթի իրավական կառուցվածքի բարեփոխումներով պայմանավորված նոր իրողությունները: Բանն այն է, որ դատախազը չի կարող հանդիսանալ մեղադրանքի կողմի՝ պետության լիիրավ ներկայացուցիչ այն պարզ պատճառով, որ նա չի կարող ազդել քննիչի դիրքորոշման ձևավորման և որոշումների կայացման վրա»[6]:

Դատավարագետների երրորդ խումբն այն կարծիքին է, որ ընդհանուր կանոնի համաձայն` քննիչը դատական ակտերը բողոքարկելու լիազորություն չպետք է ունենա, բացառությամբ այն դատական ակտերի, որոնք առնչվում են նրա իրավունքներին և օրինական շահերին: Օրինակ՝ դատարանը իրավասու է կայացնել մասնավոր որոշում, որը կարող է քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք համարվել: Քննիչը պետք է իրավասու լինի բողոքարկելու այս որոշումը, քանի որ առնչվում է իր իրավունքներին և օրինական շահերին[7]:

 

Հարցի պոզիտիվ-իրավական տեսանկյունը: ՀՀ քր. դատ. օր-ուն մեջ դատական ակտը բողոքարկելու քննիչի լիազորությունը հստակ կարգավորված չէ։ Մի կողմից` ՀՀ քր. դատ. օր–ի 287-րդ հոդվածի 1–ին մասում քննիչը, ինչպես և տուժողը, նախատեսված չէ կալանքը՝ որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ դատական որոշումը բողոքարկելու իրավունք ունեցող անձանց ցանկում։ Քննիչը նախատեսված չէ նաև վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկում (ՀՀ քր. դատ. օր–ի 376–րդ հոդված)։ Մյուս կողմից`  ՀՀ քր. դատ. օր–ի 278–րդ հոդվածի 3–րդ մասում սահմանված է, որ դատարանի` հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից` դատախազի, միջնորդություն հարուցած մարմնի (ընդգծումը` հեղ.), այն անձանց կամ նրանց ներկայացուցիչների բողոքի հիման վրա, որոնց շահերը շոշափվում են: Այս նորմից բխում է, որ քննչական գործողություններ և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդության կապակցությամբ կայացված դատական ակտը վերաքննության կարգով կարող է բողոքարկել միջնորդություն ներկայացրած անձը, այսինքն` քննիչը։ Կարծում ենք, որ հարցը պետք է քննարկել հետևյալ տեսանկյուններից՝ 1) արդյոք դատական ակտը բողոքարկելը դատախազի բացառիկ լիազորությունն է, 2) արդյոք մինչդատական վարույթում մեղադրանքի կողմի ներկայացուցիչները պետք է ունենան միասնական դիրքորոշում, 3) արդյոք քննիչի մասնակցությամբ դատական վարույթի ժամանակ կիրառելի է մրցակցության սկզբունքը (Այս մասին մանրամասն տես Ղամբարյան Ա. Դատական ակտերի բողոքարկումը ժամանակակից քրեական դատավարությունում: Գիտ., խմբագիր՝ իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Ս. Ավետիսյան. Եր.: Լուսաբաց, 2017):

Եթե հիմք ընդունենք, որ ՀՀ քր. դատ. օր–ի 287-րդ հոդվածի 1–ին մասի, ՀՀ քր. դատ. օր–ի 376–րդ հոդվածի և  ՀՀ քր. դատ. օր–ի 278–րդ հոդվածի 3–րդ մասի միջև առկա է իրավական հակասություն, ապա այն պետք է լուծել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի այն դրույթի կիրառմամբ, ըստ որի՝ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասությունների դեպքում գործում են այն մասերի դրույթները, որոնք բխում են տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավունքի սկզբունքներից, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի: Տվյալ դեպքում ՀՀ քր. դատ. օր–ի 278–րդ հոդվածի 3–րդ մասը բխում է ՀՀ քրեական դատավարության մրցակցության սկզբունքից: Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մրցակցային է, ապա այդ վարույթի նկատմամբ կիրառելի են մրցակցության սկզբունքից բխող հետևյալ օրենսդրական պահանջները` 1)քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով, 2)քրեական դատավարության ընթացքում կողմերն իրենց դիրքորոշումը, այն պաշտպանելու եղանակները և միջոցներն օրենքի շրջանակներում ընտրում են ինքնուրույն` անկախ դատարանից, այլ մարմիններից և անձանցից (ՀՀ քր. դատ. օր–ի 23–րդ հոդված): Այս համատեքստում, եթե դատական վերահսկողության շրջանակներում քննիչը մասնակցում է դատական նիստին, ապա նա օժտված է իր դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով, ինքնուրույն է ընտրում իր դիրքորոշումը պաշտպանելու եղանակները և միջոցները` անկախ որևէ մարմնից և անձից։

Բացի այս, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն իրավական ակտի ընդհանուր և հատուկ մասերի միջև հակասության դեպքում գործում են ընդհանուր մասի դրույթները: ՀՀ քր. դատ. օր–ի 278–րդ հոդվածը օրենսգրքի ընդհանուր մասի նորմ է, իսկ ՀՀ քր. դատ. օր–ի 376–րդ հոդվածն հատուկ մասի նորմ է:

Այսպիսով՝

  • ՀՀ քր. դատ. օր–ի 287-րդ հոդվածի 1–ին մասի, ՀՀ քր. դատ. օր–ի 376–րդ հոդվածի և ՀՀ քր. դատ. օր–ի 278–րդ հոդվածի 3–րդ մասի միջև ենթադյալ իրավական հակասության դեպքում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա նախապատվություն պետք է տալ մրցակցության սկզբունքից բխող և ՀՀ քր. դատ. օր-ի ընդհանուր մասում գտնվող ՀՀ քր. դատ. օր–ի 278–րդ հոդվածի 3–րդ մասին:
  • ՀՀ քր. դատ. օր–ի 278–րդ հոդվածի 3–րդ մասի հիման վրա քննիչը (հետաքննության մարմինը) լիազորված է ՀՀ վերաքննիչ դատարան բողոքարկել քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումները:

Ա. Ղամբարյան

Իրավաբանական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր

[1] Ковтун Н. Н. К дискуссии об «утраченных» полномочиях прокурора. Есть ли предмет для дискуссий?. Российская юстиция. 2010. № 5. С. 30.  Дикарев И. Право субъектов, ведущих уголовный процесс, на принесение ходатайств в порядке надзора. Уголовное право. 2011. № 1. С. 63.

[2] Червоткин А. С. Промежуточные судебные решения и порядок их пересмотра в российском уголовном процессе. Автореф. дисс. … канд. юрид. наук. М.: 2014. С.8.

[3] Кузьмина О. Следователь как субъект обжалования судебных решений на досудебной стадии уголовного процесса. Уголовное право. № 3, 2010. С. 87, 89,

[4] Колоколов Н. А. Методика проведения основных контрольно-судебных действий в стадии предварительного расследования. В 2-х частях. Ч. 1, 2-е изд., М.: Изд. Юрлитинформ. 2015. С. 165.

[5] Жудро К. Судебный порядок рассмотрения жалоб в соответствии со ст. 125 УПК РФ (к вопросу о возможности обжалования следователем судебного решения, указания прокурора и руководителя следственного органа). Уголовное право. № 1,  2012. С. 85.

[6] Следователь в апелляционном производстве. Апелляция, кассация, надзор: новеллы ГПК РФ, УПК РФ. Первые результаты применения. В 2-х частях. Ч. 2. Коллектив авторов. Под ред. Н.А. Колоколова. М.։ Юрлитинформ, 2015. С. 73.

[7] Ничипоренко А. А. Обжалование следователем, дознавателем судебных решений: от Устава уголовного судопроизводства 1864 г. до УПК РФ. Актуальные проблемы российского права. № 11,  2014.C. 2550, Валеев А. Т. Обжалование и пересмотр судебных решений по уголовным делам. Монография. М.: Юрлитинформ. 2016. С. 72. Հովսեփյան Ա., Ղամբարյան Ա. Դատախազի և քննիչի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում: «Դատական իշխանություն», 2015, թիվ 5-6 (191-192), էջեր 70-81:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել