Անվերջ ռեպրեսիաների միջոցով հանրային դժգոհության ալիքը երկարաժամկետ զսպել հնարավոր չէ․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ձևավորմամբ և մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ շահագրգռված որևէ երկիր պետք է ջանքերն ուղղի Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման, ՀՀ տարածքից Ադրբեջանական զորքերի դուրս բերման, բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքն ապահովելու ուղղությամբ:

Այս մասին գրառում է կատարել Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանը բավական ցավոտ և «խիզախ» միակողմանի զիջումներ արդեն արել է, սակայն այդ զիջումները ոչ միայն տարածաշրջանը չեն կայունացրել, այլ էլ ավելի են գրգռել Ադրբեջանի ախորժակը՝ դուռ բացելով նոր պատերազմի համար:

Քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ:

Իհարկե դուք կարող եք տարբեր հուշագրեր ստորագրել խաղաղության մասին, կարող եք տասնյակ հայտարարություններ անել, բայց դրանցից և ոչ մեկը խաղաղություն չի բերելու տարածաշրջան:

Պատմության ընթացքում ոչ մի ուժի երբևէ չի հաջողվել ագրեսորի բոլոր պահանջները բավարարելով հասնել խաղաղության: Այդպիսի քաղակաքանությունն, ի վերջո, հանգեցրել է աղետի բոլորի համար:

Մինչ այդ` հերթական անգամ նշեմ, որ այս ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղի են ունենում ժողովրդի թիկունքում և բացառապես մեկ անձի հետ:

Հայաստանում ազդեցություն ունեցող որևէ քաղաքական ուժ, լուրջ հեղինակություն ունեցող որևէ անհատ կամ կառույց չի սատարում այդ պայմանավորվածությունները և օրվա ռեժիմի որդեգրած քաղաքական ուղեգիծը:

Ձեռք բերված պանմանավորվածությունները կյանքի կոչելու համար վարչախումբը ստիպված ամեն անգամ ընդլայնում է ռեպրեսիաների ալիքը, ավելացնում երկրում քաղբանտարկյալների թիվը:

Ուստի արտաքին այն ուժերը, որոնց հույսը Փաշինյանի անվերջ զիջելու մարտավարութնունն է, պետք է լավ իմանան, որ անվերջ ռեպրեսիաների միջոցով հանրային դժգոհության ալիքը երկարաժամկետ զսպել հնարավոր չէ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել