Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ապակողմնորոշում է հանրությանը

«1in.am» լրատվական կայքը 2017թ. փետրվարի մեկին Սարի թաղի գործի նախաքննությունը դոփում է տեղում. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել է 2016թ. հուլիսի 29-30-ը Երևանի Սարի թաղում, ինչպես նաև 2016թ. հուլիսի 17-19-ը Խորենացի փողոցում և այլ վայրերում ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ ապօրինություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին:

Հաշվի առնելով հանրության շրջանում հիշյալ քրեական գործերի նկատմամբ առկա հետաքրքրությունը, ինչպես նաև նպատակ ունենալով հանրությանը տրամադրել օբյեկտիվ և անաչառ տեղեկատվություն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նպատակահարմար է գտնում առանց նախաքննության շահերին վնաս հասցնելու՝ հոդվածում նշված լրագրողների մասով հրապարակել քրեական գործում նրանց ներգրավվածության և քննության ընթացքի վերաբերյալ իրական տվյալներ:

Քրեական գործի  քննության սկզբնական փուլում 1in.am կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով (բնակության և աշխատանքի վայրեր ուղարկված ծանուցագրերով) բազմիցս հրավիրվել է որպես տուժող հարցաքննվելու, սակայն հրաժարվել է ներկայանալ՝ հեռախոսազանգի միջոցով հայտնելով այդ մասին: Միայն ամիսներ անց, վարույթն իրականացնող մարմնի հետևողականության արդյունքում, 2016թ. հոկտեմբերի 25-ին, հնարավոր է եղել Մարիամ Գրիգորյանին ճանաչել տուժող  և հարցաքննել դեպքի հանգամանքների շուրջ: Վերջինիս կողմից վարույթն իրականացնող մարմին ժամանակին չներկայանալու պատճառով հնարավոր չի եղել նշանակված դատաբժշկական փորձաքննության շրջանակներում ապահովել նրա ներկայությունը, հետևաբար փորձաքննությունն իրականացվել է ըստ բժշկական փաստաթղթերի: Ի դեպ, Մարիամ Գիգորյանի կողմից նախաքննական մարմին ներկայանալուց և որպես տուժող հարցաքննվելուց հետո առաջարկվել է հետազոտվել դատաբժիշկ-փորձագետի մոտ, սակայն նա հրաժարվել է ենթարկվել փորձաքննության, ինչը զրկել է վարույթն իրականացնող մարմնին պարզել Մարիամ Գրիգորյանի առողջությանը պատճառված վնասի ծանրության իրական աստիճանը: Մարիամ Գրիգորյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվել են բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ: Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն հանգամանքին, որ «Մարիամ Գրիգորյանն այնքան վաղուց է հրավիրվել հարցաքննության, որ նույնիսկ մոռացել է քրեական գործում ներգրավված լինելու մասին», այս կապակցությամբ հարկ է նշել, որ Մարիամ Գրիգորյանը հետագա քննության ընթացքում մի քանի անգամ ծանուցվել է գործով փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին և ստացված եզրակացություններին ծանոթանալու համար վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու անհրաժեշտության մասին,  սակայն այդպես էլ չի ներկայացել:

«Ա1+» կայքի լրագրող Ռոբերտ Անանյանը  քննության ընթացքում ճանաչվել է  տուժող և հարցաքննվել: Նրա վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական-դատակենսաբանական փորձաքննություններ, ուսումնասիրվել է Ռոբերտ Անանյանի կողմից Սարի թաղում կատարված տեսանյութը, դրանում պատկերված ոստիկանական   ավտոմեքենաների տարբերանշաններով ու անհատական համարներով հնարավոր է եղել պարզել տեսանյութում պատկերված ոստիկանության աշխատակիցների ինքնությունը, որոնք հարցաքննվել են: Պարզվել է նաև Ռոբերտ Անանյանի հետ միևնույն ավտոմեքենայով երթևեկող քաղաքացու ինքնությունը, ով ևս հարցաքննվել է վերջինիս կողմից նշված հանգամանքների շուրջ: Ռոբերտ Անանյանը մի քանի անգամ ծանուցվել է գործով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և փորձաքննություն նշանակելու մասին որոշումներին ու ստացված եզրակացություններին ծանոթանալու համար, սակայն չի ներկայացել: Հրապարակման մեջ տեղ գտած այն դատողությունը, որ Ռոբերտ Անանյանի կողմից ներկայացրած տեսանյութում երևում են իր աշխատանքը խոչընդոտած անձինք և որ ցանկության դեպքում նրանց կարելի էր պատասխանատվության ենթարկել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ռոբերտ Անանյանի կողմից հրապարակված տեսանյութում առկա չեն ոստիկանության աշխատակիցների, այդ թվում դիմակավոր ոստիկանների կողմից նրա գործողությունները խոչընդոտելու վերաբերյալ կադրեր:

 Ազատ լրագրող Գևորգ Ղազարյանը քննության ընթացքում ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Նրա նկատմամբ ոտնձգություններ կատարած, լրագրողական տեխնիկան վնասած ու հափշտակած անձանց ինքնությունը պարզելու համար հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, քննության ներկա փուլում ուսումնասիրվում են գործում առկա տեսանյութերը: Դրանից հետո Գևորգ Ղազարյանը մի քանի անգամ ծանուցվել է գործով փորձաքննություն նշանակելու մասին որոշումներին և ստացված եզրակացություններին ծանոթանալու համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին, սակայն չի ներկայացել:

«Iravaban.net» լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը քրեական գործով ճանաչվել է տուժող և մանրամասն հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նրա խնդրանքով որոշում է կայացվել քրեական գործին տուժողի ներկայացուցիչ մասնակից դարձնելու մասին: Պահանջվել և քրեական գործին են կցվել քաղաքացիական հագուստով, ինքնությունը չպարզված անձանց կողմից նրա լրագրողական աշխատանքին խոչընդոտելու վերաբերյալ տեսաձայնագրությունները, որոնք տուժողի մասնակցությամբ մանրամասն զննվել են: Վերջինս լրացուցիչ հարցաքննվել է նաև տեսաձայնագրությունում երևացող մի շարք հանգամանքների վերաբերյալ: Միջոցներ են ձեռնարկվում տեսաձայնագրությունում երևացող քաղաքացիական հագուստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

«News.am» լրատվական կայքի լրագրող Արթուր Հայրապետյանը քրեական գործով ճանաչվել է տուժող, նրան պարզաբանվել են իր իրավունքները, մանրամասն հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, ծանոթացել է իր վերաբերյալ ստացված փորձագետի եզրակացությանը: Միջոցներ են ձեռնարկվել լրագրողի հայտնած հանգամանքները ճշտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի և բերման ենթարկողների ինքնությունը պարզելու համար: Հրապարակման մեջ տեղ գտած այն տեղեկությունը, թե Ա. Հայրապետյանը դիմում է գրել, սակայն դրանից հետո տեղեկատվություն չի ստացել և անգամ տեղյակ չէ՝ ներգրավվա՞ծ է քրեական գործում, թե ոչ, իրականությանը չի համապատասխանում:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանը քրեական գործով ճանաչվել է տուժող և հանգամանորեն հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ, քրեական գործին են կցվել նրա և ոստիկանության ծառայողի միջև տեղի ունեցած միջադեպը պատկերող տեսաձայնագրությունները, միջոցներ են ձեռնարկվել լրագրողի մատնանշած ոստիկանի ինքնությունը պարզելու համար, կատարվել են այլ դատավարական գործողություններ: Լրագրողի կողմից հրապարակման մեջ կատարված դիտարկումը, թե պետք է առերեսում կատարվեր, սակայն իր հետ վարույթն իրականացնող մարմինը կապ չի հաստատել, իրականությանը չի համապատասխանում, ավելին, քննության ներկա փուլում առերեսում կատարելու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ կողմերի միջև հակասություններ առկա չեն:

«Lragir.am» կայքի օպերատոր Մարութ Վանյանը քննության ընթացքում ճանաչվել է  տուժող և հարցաքննվել, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, նրանից առգրավված հագուստներով նշանակվել են հետքաբանական, կենսաբանական փորձաքննություններ: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այն հանգամանքին, որ Մարութ Վանյանի խոսքով «քննչական մարմիններն ակտիվ գործողություններ էին իրականացնում, երբ դեպքերը թարմ էին, տպավորություն էին ստեղծում, թե օպերատիվ աշխատում են, հետո լռել են», ապա նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ թե՛ դեպքից հետո, և թե՛ ներկա փուլում օպերատիվորեն կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հանցագործության կատարման բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Բացի այդ, մամուլում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակում քննության առարկա է դարձվել, տուժողների մի մասը, այդ թվում՝ Մարութ Վանյանը, հարցաքննվել են անմիջապես հիվանդանոցում, դրանից հետո մինչ օրս շարունակվում են ծրագրված քննչական ու դատավարական գործողությունները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք տուժողներ չեն կարողացել նկարագրել իրենց նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց արտաքինը, ուստի վերը նշված դրվագներով ուսումնասիրվել են քրեական գործերում և համացանցում առկա, ինչպես նաև լրագրողների կողմից ներկայացված տեսանյութերը, այդ եղանակով պարզվել են տեսանյութերում տարբեր գործողություններ կատարած ոստիկանության բազմաթիվ աշխատակիցների ինքնությունը, և վերջիններս հարցաքննվել են:

Նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է Sony մոդելի տեսախցիկ, որի պատկանելիությունն առ այսօր չի հաջողվել պարզել: Թեպետ հայտնաբերվել է այն անձը, որը խոչընդոտել է այդ տեսախցիկն օգտագործած լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն, չնայած վարույթն իրականացրած մարմնի գործադրած ջանքերին, առայժմ չի հայտնաբերվել հիշյալ անձի գործողություններից տուժած լրագրողը, ինչը մինչ օրս զրկել է նախաքննական մարմնին քրեական գործի նախաքննությունն ավարտելու և այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու հնարավորությունից:

Այդ կապակցությամբ, ի լրումն վարույթն իրականացրած մարմնի կողմից նախկինում արված հայտարարությունների, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է հանցագործություններից տուժած անձանց ներկայանալ ծառայություն՝ տեսախցիկի պատկանելիությունը պարզելու ուղղությամբ համապատասխան քննչական և դատավարական գործողություններ կատարելու համար:

Այսպիսով, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ծառայությանն անհայտ պատճառներով ապատեղեկատվություն է տարածում հանրության շրջանում` փորձելով տպավորություն ստեղծել, թե քրեական գործով նախաքննությունը դոփում է տեղում`  իր դատողությունները հիմնավորելով հրապարակման մեջ թվարկված լրագրողների` իրականությանը չհամապատասխանող «պնդումներով»: Կարծում ենք` քրեական գործի նախաքննության ընթացքում նման հայտարարություններն անտեղի են, քանզի հիշյալ գործերով նախաքննությունը դեռ ավարտված չէ, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործերն իրենց բնույթով, ծանրության աստիճանով, բազմադրվագությամբ և բազմամարդությամբ աննախադեպ են, իսկ նախաքննության ընթացքի վրա ստվեր գցող նման հրապարակումները պատիվ չեն բերում պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվող անձանց ու կազմակերպություններին:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել