Նախագահը՝ խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու մասին

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անցկացրել է ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ հանդես է եկել ելույթով: Ելույթում նա անդրադարձել է նաև այս տարի խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվա ընտրությանը.

«Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, և դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ: Կարծում եմ՝ պարոն Դավիթ Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք:

Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Ցանկանում էի, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին, հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում: Իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում: Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու.:,-նշել է Սերժ Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել