Կառավարության դեկտեմբերի 8-ի նիստին բացասական եզրակացություն կստանա Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Վահե Հովհաննիսյանի և Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումներիվերաբերյալՀայաստանիՀանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նման եզրակացություն կա նիստի օրակարգում, որը կներկայացնի արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը:
Պատգամավորներն առաջարկում էին նվազեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված՝ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար տուգանքը՝ 5 հազար դրամի փոխարեն սահմանելով հազար դրամ: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա կարգավորումը, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ հաստատված դրույքաչափերի պայմաններում, հանգեցնում է անհամաչափ մեծ պատասխանատվության տվյալ իրավախախտման համար:
Ըստ նախարարության՝ նախագծով առաջարկվող սանկցիայի չափի նվազեցումը կարող է հանգեցնել քննարկման առարկա իրավախախտումների թվի ավելացման, ինչպես նաև կանխարգելիչ և դաստիարակչական գործառույթի բովանդակազրկման: Տուգանքի չափը սահմանելիս անհրաժեշտ է նկատի ունենալ նաև հնարավոր կորուստներն ու վարչարարության իրականացման ծախսերը:
Ելնելով շարադրվածից, ինչպես նաև իրավական այլ ակտերից կառավարությունը դեմ կարտահայտվի այս նախագծին:
Իրավաբան.net