«Բարբուլեսկյուն ընդդեմ Ռումինիայի» վճռով, որը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կայացրել է այս տարվա սկզբին, սահմանվում է, որ գործատուն իրավունք ունի ստուգել իր աշխատակցի անձնական նամակագրությունը, եթե դրանք կատարվել են աշխատանքային ժամերին:
Վերոնշյալ վճռի փաստական հանգամանքների համաձայն` գործատուն ստեղծել էր առանձին փոստային հասցե, որպեսզի աշխատողները դրանով իրականացնեն որոշ գործառույթներ, սակայն աշխատողը այդ փոստի միջոցով նամակագրվել էր իր կնոջ և եղբոր հետ:
Նշենք, որ ՀՀ դատարանների համար ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռները պետք է պարտադիր լինեն, եթե տվյալ գործի և վճռում առկա հանգամանքները նույնանման են:
Տվյալ պարագայում աշխատողները պետք է իմանան հետևյալը`
1. Ըստ Աշխատանքային օրենսգրքի` աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները:
2. Հարկավոր է ուշադիր ընթերցել աշխատանքային պայմանագիրը, ծանոթանալ դրա դրույթներին: Վերոնշյալ վճռով` աշխատողն աչքաթող է արել այն հանգամանքը, որ ըստ աշխատանքային պայմանագրի` նա ստանձնել էր հաճախորդների հետ համապատասխան փոստով շփվելու պարտավորություն, իսկ գործատուն իրավունք ուներ վերահսկել այդ փոստի նամակագարությունը:
3. Եթե աշխատանքային ժամերին պարբերաբար օգտվում եք սոցիալական ցանցերից (Facebook.com և այլն), ապա պետք է իմանալ, որ գործատուն իրավունք ունի պատշաճ իրազեկման և գրավոր համաձայնության պարագայում ծանոթանալ այդ նամակագրությանը, բնականաբար պարտավոր է նաև չօգտագործել ձեր անձնական տվյալները: Բացի այդ պետք չէ մոռանալ, որ աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերից օգտվում եք գործատուի կողմից տրամադրած համակարգչով:
Գևորգ Թոսունյան