Իրավակարգը երկրում որոշվում է ոչ թե գողերի առկայությամբ, այլ նրանց վնասազերծելու իշխանության կարողությամբ

Ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը համարում է հետևողական և կառուցողական աշխատանքի արդյունք: Մեզ հետ զրույցում պարոն Ատովմյանն ասաց. «Կառավարության կողմից ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրինագծի հաստատմանը նախորդել է մեծ աշխատանք: Ի սկզբանե Կառավարությունը և որոշ մասնագիտական ՀԿ-եր դեմ են եղել մեզանում այդ ինստիտուտի ներդրմանը: Մոտեցումներն աստիճանաբար են փոխվել և դա ցույց է տալիս, որ Կառավարության հետ քաղաքացիական հասարակության մասնագիտական, հետևողական և կառուցողական աշխատանքի դեպքում մեր երկրում կարելի է հասնել էական փոփոխությունների: Ապօրինի հարստացման քրեականացումը, մասնավորապես, դիտվում է որպես «էլիտար» կամ բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիքներից մեկը, սակայն դա միայն քրեական օրենսգրքի մեկ հոդված չէ, այլ մի ամբողջ համակարգ»:

Նախագծով նախատեսվում է, որ ապօրինի հարստացման հանցագործության ապացուցման պարագայում պաշտոնյաները կդատապարտվեն 3-6 տարի ազատազրկման, արդյոք սա մեղմ, թե՞ խիստ պատիժ է ապօրինի հարստացողների համար, հարցին պատասխանելու համար մեր զրուցակիցը մեջբերեց միջազգային պրակտիկային. «Կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ կան տարբեր հայեցակարգային մոտեցումներ: Այսպես, մի մոտեցման համաձայն՝ պատիժը պետք է լինի շատ խիստ (մահապատիժ կամ երկարատև ազատազրկում գույքի պարտադիր բռնագրավմամբ), մեկ այլ մոտեցմամբ՝ պատիժը պետք է լինի ավելի մեղմ (ոչ երկարատև ազատազրկում, գույքի ոչ պարտադիր բռնագրավում, տուգանքների կիրառում)»,- նշեց պարոն Ատովմյանը՝ շեշտելով, որ ոչ թե պատիժն է կարևոր, այլ օրենքի և դատարանի,  պատժի անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործումը և կոռուպցիոն հանցագործության արդյունքում ձեռքբերված գույքի պարտադիր բռնագրավումը, որը կունենա նաև կանխարգելիչ ազդեցություն. «Ինչպես ասում է կապիտան Ժեգլովը. «Գողը պետք է նստի բանտում», իրավակարգը երկրում որոշվում է ոչ թե գողերի առկայությամբ, այլ նրանց վնասազերծելու իշխանության կարողությամբ»,- ընդգծեց մասնագետը:

Հարցին՝ ինչպե՞ս անել, որ այս ինստիտուտը չմնա թղթի վրա ու լիարժեք գործի, Մարատ Ատովմյանը պատասխանում է. «Դրա համար անհրաժեշտ է անշեղ քաղաքական կամք, իրավապահ մարմինների կարողություն վարել նման կարգի գործերը, ինչպես նաև ապօրինի հարստացման բացահայտման հետ առնչվող բոլոր օղակների պրոֆեսիոնալ և ներդաշնակ աշխատանք: Այս գործում մեծ մասնակցություն պետք է բերեն քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-րը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել