Հայփոստի մասնաճյուղի տնօրենը իր աշխատակիցներին սպառնացել է հեռացնել ու թոշակառուների հաշվին 7 մլն դրամ կաշառք է վերցրել. դատարանը մեղմ է գտնվել նրա նկտամամբ

Վարազդատ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նահանդիսանալով Հայփոստ ՓԲԸ Հրազդանի փոստային մասճյուղի տնօրեն` առևտրային կազմակերպության ծառայող 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի ապրիլ ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում Չարենցավանի 2501 փոստային բաժանմունքի պատասխանատուների միջոցով շորթմամբ` աշխատանքից հեռացնելու սպառնալիքով նույն բաժանմունքի փոստատարներ Ալվարդ Շավարշի Խաչատրյանից, Մարինե Զաքարի Մալյանից, Լենա Հովհաննեսի Օհանյանից և Արթենիկ Ազաբեկի Բարսեղյանից որպես կաշառք պահանջել և ստացել է նրանց կողմից սպասարկվող վարչական տարածքում բնակվող թոշակառուներին և նպաստառուներին վճարվող ամենամսյա սոց. վճարումներից գոյացած գումարներից յուրաքանչյուր ամսվա կտրվածքով միջինացված հաշվարկով 102.000 ՀՀ դրամ ` ընդհանուր առմամբ 7.038.000 ՀՀ դրամ գումար:

Այս գործի դատաքննությունն ընթացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Հ.Ավագյանի նախագահությամբ:

Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Վ.Հակոբյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտնեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն մեղավոր է ճանաչում:

Թեև մեղադրական եզրակացությունը հաստատելիս մեղադրողն առարկել է դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, այդուհանդերձ, դատական նիստի ընթացքում փոխել է իր դիրքորոշումը և չի առարկել սույն գործով դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ:

Դատարանը հաստատված է համարել, որ Վ.Հակոբյանը կաշառք է պահանջել ու ստացել:

Դատարանն ամբաստանյալ Վ.Հակոբյանի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս հաշվի է առել կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները:

Որպես Վ.Հակոբյանի անձը բնութագրող տվյալներ դատարանը հաշվի է առել այն, որ նա բնութագրվում է բացառապես դրականորեն, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, կատարած հանցանքի համար զղջացել է։

Հանցավորի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ են հանդիսացել այն, որ նա մասնակցել է ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ինչի համար պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով, ինչպես նաև՝ տառապում է մի շարք հիվանդություններով:

Քրեական գործի նյութերում Վ.Հակոբյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի տեսել:

hovhannes-avagyan

Վճիռը կայացրել է դատավոր Հովհաննես Ավագյանը

Վերոգրյալի հաշվառմամբ՝ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Վ.Հակոբյանի նկատմամբ հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակները նշանակելու հիմքեր չկան, ուստի նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել տուգանքի ձևով, ինչն անհրաժեշտ և բավարար է պատժի նպատակների իրագործումն ապահովելու համար:

Ի վերջո դատարանը վճռել է Վարազդատ Մաքսիմի Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասով և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Ամբաստանյալի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրություն:

Վճիռը չի բողոքարկվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել