Ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը ներառվել է կառավարության նիստերի օրակարգում: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման համակարգից: Նախագիծը պետք է ներկայացնի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծում նախատեսվել է ապօրինի հարստացման հանցակազմը հետևյալ բովանդակությամբ.
1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները և միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը:
Այսպես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսվող` ապօրինի հարստանալը հանցակազմի վերլուծությունը հանգում է հետևյալին.
- Ապօրինի հասրտանալը հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրա հետ փոխկապակցված անձը (բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը): Հարկ է նշել, որ հանցակազմի սուբյեկտների նման շրջանակի նախատեսումը պայմանավորված է նաև միջազգային փորձի ուսումնասիրությամբ (Լիտվա, Ռումինիա, Արգենտինա, Սլովակիա (քաղաքացիաիրավական հարթությունում), Ավստրալիա):
Վերոգրյալ մոտեցումը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տրամաբանական շարունակությունն է, քանի որ օրենքը, որպես ռիսկային խումբ, թիրախավորում է բարձրաստիճան պաշտոնատար անձին և նրա հետ փոխկապակցված անձանց:
- Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում (Ուկրաինա, Մոլդովա, Մակեդոնիա, Ռումինիա, Սլովակիա և այլն) առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի սանկցիայում որպես հիմնական պատժատեսակ նախատեսել ազատազրկումը, իսկ որպես լրացուցիչ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և գույքի բռնագրավումը: Մասնավորապես` ելնելով նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սանկցիաների ընդհանուր տրամաբանությունից` առաջարկվում է սահմանել ազատազրկում` երեքից վեց տարի ժամկետով: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը պատժատեսակը, օրինակ` Ուկրաինայում, Մոլդովայում, Արգենտինայում, նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով, սակայն, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի ամրագրումը, սույն պատժատեսակը նախատեսվել է առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Օրենսդրորեն թվարկվել են ապօրինի հարստացման հիմնական դրսևորումները` այդպիսով ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը: Այսպես, ապօրինի հարստացման դրսևորումներն են’
1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ)
2) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:
Նախագիծը ստորև.
23. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Կարդացեք նաև՝
Մենք երազում ենք ապրել մի երկրում, որը զերծ է կոռուպցիայից. Կարեն Զադոյան