Պաշտպանության նախարարության նոր նախագծով՝ մարտական գործողությունների ընթացքում մահացած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին (իրենց ընտանիքի անդամներին) փոխհատուցում վճարելու և այլ սոցիալական աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են “Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին” 27.10.1998թ. ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով:
Վերը նշված իրավական ակտերի ներքո ստեղծված հատուցման համակարգը էական աջակցություն ցուցաբերելով զինծառայողներին և իրենց ընտանիքի անդամներին ունի նաև թույլ կողմեր, որոնք առավել ակնհայտ են դառնում սթրեսային իրավիճակներում:
Մասնավորապես, 1994 թվականին հայտարարված հրադադարից մինչև 2016 թվականը լայնամասշտաբ մարտական գործողություններ Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ հանրապետության սահմաններում չեն ծավալվել:
Սակայն, 2016թ. ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում, դրա արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով հատուցելը խնդրահարույց է, և դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ:
Միևնույն ժամանակ, ապրիլյան դեպքերից տուժած զինծառայողներին աջակցելու նպատակով հավաքագրվել են զգալի ծավալով դրամական միջոցներ` Հայաստանի Հանրապետության և սփյուռքի հասարակության տարբեր շերտերից ստացված դրամաշնորհների և նվիրաբերությունների հաշվին: Սա ցույց է տալիս մեր հասարակության պատրաստակամությունն աջակցելու հայրենիքը պաշտպանող զինծառայողներին և իրենց ընտանիքի անդամներին, և որ պահանջվող լրացուցիչ ֆինանսավորումը հնարավոր է հավաքագրել` հասարակության լայն շերտերից:
Մյուս կողմից, ներկայումս գործող համակարգը հիմնականում ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, և բացակայում է ինստիտուցիոնալ կառույց, որը պետական մակարդակով կհավաքագրեր հասարակությունից նվիրաբերվող միջոցները, կկառավարեր դրանք և ստացված միջոցներով հատուցումներ կվճարեր զինծառայողներին:
Վերը նշված պատճառներով, առաջարկվում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի և կհամախմբի պետական և սոցիալական աջակցության տարրերը:
Համակարգի հենասյունն է լինելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամը, որը կմիավորի թե պետությունից, և թե` հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:
Համակարգը կգործի հետևյալ կարևոր սկզբունքների ներքո`
- համակարգը, մասնավորապես՝ հավաքագրող վճարումներն ու ապահովագրական հատուցումները պետք է լինի պարզ և հասկանալի` ՀՀ միջին քաղաքացու և նվիրատուի համար.
- հավաքագրվող միջոցները պետք է կառավարվեն՝ ելնելով ակտիվների կառավարման մասնագիտական հաշվարկներից, որպեսզի շահառուների (զինծառայողներ և իրենց ընտանիքի անդամներ) համար ապահովվի առավելագույն եկամտաբերություն.
- Համակարգի կառավարման հետ կապված վերադիր ծախսերը պետք է հասցվեն նվազագույնի, որպեսզի հավաքագրված միջոցների առավելագույնը հասնի շահառուներին.
- Համակարգը պետք է լինի առավելագույնս թափանցիկ (թե՛ հավաքագրման, թե՛ կառավարման և թե՛ վճարումների մասով), որպեսզի այն ձեռք բերի հեղինակություն և վստահություն հասարակության կողմից.
- համակարգը կունենա թե՛ իրավական, և թե՛ տնտեսագիտական հնարավորություն շուկաներից` արժեթղթերի թողարկման միջոցով, լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ հավաքագրելու համար.
Վերը նշված սկզբունքների ներքո ներդրված համակարգի շնորհիվ հնարավոր կլինի դրամական միջոցներ ներգրավվել ոչ միայն պետական բյուջեի, այլ նաև` հասարակության լայն զանգվածներից:
«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին” և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է “Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքի ընդունմամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:
Զինծառայողների մահվան դեպքում, հատուցման գումարները կվճարվեն իրենց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք (անաշխատունակ տատը, պապը և մինչև 21 տարեկան քույրը, եղբայրը):
Հատուցման գումարները կվճարվեն 01.01.2017թ. հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար` հետևյալ չափերով`
Մահ և 1-ին կարգի հաշմանդամություն
|
||||
Միանվագ հատուցում |
Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում
|
Ամսական հատուցումների հանրագումար | Ընդհանուր հատուցման գումար | |
Սպա | 10 միլիոն դրամ | 300 հազար դրամ | 72 միլիոն դրամ | 82 միլիոն դրամ |
Ենթասպա | 10 միլիոն դրամ | 250 հազար դրամ | 60 միլիոն դրամ | 70 միլիոն դրամ |
Շարքային | 10 միլիոն դրամ | 200 հազար դրամ | 48 միլիոն դրամ | 58 միլիոն դրամ |
2-րդ կարգի հաշմանդամություն
|
||||
Միանվագ հատուցում |
Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում
|
Ամսական հատուցումների հանրագումար | Ընդհանուր հատուցման գումար | |
Սպա | 5 միլիոն դրամ | 200 հազար դրամ | 48 միլիոն դրամ | 53 միլիոն դրամ |
Ենթասպա | 5 միլիոն դրամ | 150 հազար դրամ | 36 միլիոն դրամ | 41 միլիոն դրամ |
Շարքային | 5 միլիոն դրամ | 100 հազար դրամ | 24 միլիոն դրամ | 29 միլիոն դրամ |
Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն վերը նշված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ: |
Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով Նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ (Հիմնադրամ):
Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից`
- Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից.
- Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով.
- Հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից.
- Հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից.
- Վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:
Հիմնադրամը կունենա կառավարման համակարգ` ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներից բաղկացած հոգաբարձուների խորհուրդ, գործադիր տնօրեն, գործադիր հանձնաժողով, որի միակ գործառույթն է լինելու հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ կառավարման ապահովումը, եթե այդ միջոցները կառավարվելու են Հիմնադրամի կողմից ինքնուրույն:
Հիմնադրամի միջոցների կառավարումը կարող է հանձնվել կառավարման Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված մասնագիտացված կառավարչին:
Անկախ այն հանգամանքից, թե ով է կառավարելու Հիմնադրամի միջոցները, այդ միջոցները կարող են ներդրվել միայն`
- Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում, Կենտրոնական բանկի արժեթղթերում.
- Կենտրոնական բանկում և (կամ) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում.
- բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում.
- հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված` հիմնադրամի ներդրումային պայուսակի կառուցվածքին համապատասխանող այլ ակտիվներում:
Իրավաբան.net