Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր ֆեյսբուքյան խմբում հրապարակվել է մի տեսանյութ, որում հստակ երևում է՝ ինչպես Ճանապարհային ոստիկանության տեսուչը առարկայի միջոցով վնասում է մեքենայի դիմապակին՝ հասկանալու համար՝ այն թաղանթապատված է, թե՝ ոչ:
Տեսանյութը իրականացվել է օգոստոս ամսին:
Արդյոք ՃՈ տեսուչն իրավունք ունի մեքենայի դիմապակին վնասելու եղանակով պարզել մգեցվածության աստիճանը: Այս հարցի շուրջ մեկնաբանություն վերցրինք փաստաբան Արամազդ Կիվիրյանից, ով ՃՈ տեսուչի գործողությունը համարեց անօրինական. «ՃՈ տեսուչը պետք է օգտագործի իր ձեռքի տակ գտնվող վարչական վարույթի գործիքներ և այլն»,- նշեց փաստաբանը:
Նա շեշտեց, որ իրավական չէ նաև մեքենա մուտք գործել. «Մեքենան անձի սեփականությունն է, որտեղ մուտք գործելու իրավունք ճանապարհային ոստիկանին օժտված չէ: Եթե ՃՈ տեսուչն ունի կասկած, որ տվյալ դեպքում առկա է իրավախախտում, նա համապատասխան գործիքների միջոցով, այն էլ իրավական ակտով սահմանված ու համապատասխան ստանդարտներ անցած գործիքներով իրավունք ունի ստուգումներ կատարել»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Նույն շարքին է դասվում նաև հարբածության աստիճանի ստուգման ավանդական ձևը, երբ ՃՈ տեսուչը վարորդին խնդրում է «հո անել», որպեսզի պարզի՝ նա հարբած է թե ոչ: Փաստաբանը շեշտում է՝ այս պարագայում ևս պետք է կիրառվի համապատասխան գործիք:
Այնպես որ նման դեպքերում պետք է իմանալ հետևյալը՝
- ՃՈ տեսուչն իրավունք չունի որևէ իրով, մեքենան վնասելու եղանակով պարզել դիմապակու լուսաթափանցության աստիճանը: Նա պարտավոր է իր հետ կրել հմապատասխան սարքավորում:
- Եթե այդուհանդերձ ՃՈ տեսուչը պնդել է, որ դիմապակին թաղանթապատված է ու պատրաստվում է վարորդին տուգանել, ապա հարկավոր է տուգանքը բողոքարկել:
Նշենք նաև, որ այս հարցով դիմեցինք նաև ոստիկանություն՝ խնդրելով պարզաբանել, թե ներկայումս ՃՈ բոլոր տեսուչներն ունեն այդ սարքավորումները, ոստիկանությունից դժվարացան բանավոր պատասխանել և առաջարկեցին էլեկտրոնային փոստով հարցերն ուղարկել, ինչը արված է:
Իրավաբան.net