Երեք անձի մեղադրանք է առաջադրվել ոստիկաններին բռնության ենթարկելու համար

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալների մասով նախաքննությունը։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ըստ աղբյուրի` 2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովելու նպատակով 2016 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մի խումբ անձինք, չենթարկվելով ոստիկանների՝ հասարակական կարգը պահպանելուն ուղղված օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: Կիրառված բռնությունների հետևանքով իշխանության ներկայացուցիչ համարվող ոստիկանության ծառայողներին պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի` Ժ.Ավետիսյանին, Հ.Բոյաջյանին և Ա.Ադամյանին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Այսպիսով՝ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 9 անձի, որոնցից 6-ի մասով նախաքննությունը, ինչպես տեղեկացրել ենք, ավարտվել և դատարան է ուղարկվել ավելի վաղ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել