Նոյեմբերի 1-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ժամանակավորապես փակ են Դիլիջանի ոլորանները: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում:
Երթևեկության հետ կապված փոփոխության դեպքում՝ լրացուցիչ կտեղեկացնենք:
Դժվարանցանելի են Դիլիջանի, Սպիտակի, «Չայնի» կոչվող ոլորանները, Մաստարա-Լանջիկ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դիլիջանի ոլորաններում և «Չայնի» կոչվող ոլորաններում առկա է մերկասառույց:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն, իսկ Արարատի մարզում՝ թույլ ձյուն:
Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, «Չայնի» կոչվող ոլորաններում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նշենք նաև, որ այսօր ձյան մեջ մի շարք մեքենաներ են արգելափակվել:
Նոյեմբերի 1-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 23-րդ կմ-ին՝ «Չայնի» կոչվող ոլորաններում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 22-24-րդ կմ-ի հատվածից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 74 բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ (160 ուղևոր):