ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 26-ի ԱԽ-23-Ո-20 և ԱԽ-23-Ո-21 որոշումներով ներկայացված առաջարկությունները` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 2-ից համարել դադարած:
2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 4-ից համարել դադարած»:
Ստորև ներկայացնում ենք դատավորների կենսագրությունները.
Յուրի Սերգեյի Բաղդասարյան
Ծնվել է 1951 թվականին Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-Խաչեն գյուղում։
1960 թվականից ընտանիքիով տեղափոխվել է և մշտական բնակություն հաստատել Երևան քաղաքում։
1970 թվականից մինչև 1972 թվականը ծառայել է Սովետական բանակում։
1972 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Քանաքեռի ալյումինի գործարանում՝ որպես բանվոր, իսկ 1979 թվականից՝ որպես ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար։
1974 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում և ստացել իրավաբանի որակավորում։
1983 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում՝ որպես գնդի հրամանատարի տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար, ՆԳ բաժնի պետի տեղակալ, Ռեգիոնալ վարչության շտաբի պետ, այնուհետև՝ ՆԳՆ շտաբի վարչության պետի տեղակալ, միլիցիցայի փոխգնդապետ։
1999 թվականից առ այսօր աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Արարատ Պետրոսի Պետրոսյան
Ծնվել է 1951 թվականին Սևան քաղաքում։
1969 թվականից մինչև 1974 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1978 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է Սևանի շրջանի ՆԳ բաժնում՝ որպես ավագ փորձագետ-քրեագետ, 1979 թվականից՝ որպես քննիչ, 1984 թվականից` ավագ քննիչ, 1989 թվականից մինչև 1993 թվականը` քննչական բաժանմունքի պետ։
1993 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ոստիկանության վարչությունում՝ որպես քննչական բաժնի պետ, վարչության պետի տեղակալ։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզային դատախազությունում՝ որպես դատախազի ավագ օգնական, քննչական բաժնի պետ։
2001 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2010 թվականի փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: