7 վարչական արձանագրություն տրանսպորտի սպասարկման որակի պահպանման առնչությամբ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման և փոսանորոգման, մայթերի վնասված սալիկների վերականգնման, ինչպես նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով որակի ու ժամկետների պահպանումը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման մասով քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 19 դեպք: Երեք հասցեներում կատարվել են քանդման աշխատանքներ, ինչի հետ կապված հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը տվյալ ոլորտում:

Երևանի քաղաքապետի խորհրդականը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ հետ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 7 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է խստացնել հսկողությունն ու շարունակել աշխատանքները տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման և ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 10 դեպքի մասով:
Կոմունալ տնտեսության վարչության պետն էլ զեկուցել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 67 վարչական արձանագրություն է կազմվել:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել