Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ ֆինանսների նախարարի նորանշանակ առաջին տեղակալը

Այսօր ՀՀ վարչապետի որոշման համաձայն Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնին: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրական տվյալները:

Ջանջուղազյանը ծնվել է Երևանում՝ 1971 թ.-ի մարտի 22-ին:

Կրթություն՝ 
1987-1992 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան կարմիր դրոշի շքանակակիր պոլիտեխնիկական ինստիտուտում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան),

1993-1995 թվականներին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրա,

1995-1997 թվականներին ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեություն՝
1995-1999 թվականներին աշխատել է ֆինանսների նախարարությունում և նշանակալի մասնակցություն է ունեցել գանձապետական համակարգի ներդրման գործում: Նրա կողմից մշակվել է գանձապետարանի գործունեության նախադրյալներ ապահովող «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների դրամարկղային կատարման, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վերաբերյալ» հրահանգը, որով նախատեսված գանձապետական գործառնությունների ղեկավարման համակարգը ներդրվել է Հայաստանի գանձապետարանում. արդյունքում պետական և համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի դրամարկղային գործառնությունների հաշվառումը բանկային համակարգից տեղափոխվել է գանձապետարան:
1995-1999թթ.. Ատոմ Ջանջուղազյանը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`
1995 թվականի օգոստոսից` համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ,
1996 թվականի մայիսին նշանակվել է դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետի պաշտոնում,
1996 թվականի օգոստոսից մինչ 1999 թվականի մարտ ամիսը աշխատել է որպես հաշվապահության վարչության պետ,
1999 թվականի մարտին նշանակվել է տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետի պաշտոնում, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչ 1999 թվականի հուլիս ամիսը:
1993-1995 թվականներին համատեղությամբ դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2007-2009 թվականներին` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, 2007-2010 թվականներին` Հայաստանի կառավարման ակադեմիայում:
Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1991 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համակարգում:
1991 թվականի հոկտեմբերից եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Հայկական պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի (ՀայՊԿԱՀ) ԳՀԻ տեխնիկ, ապա 1992 թվականի հուլիսից` ինժեներ-ծրագրավորող: 1993 թվականի սեպտեմբերին տեղափոխման կարգով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնում` սզկբում որպես առաջին կարգի, հետո՝ առաջատար, իսկ այնուհետև՝ գլխավոր մասնագետ:
1992-1995 թվականների ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքի ընթացքում նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության և սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր, որոնք ներդրվել և կիրառվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:
2005 նոյեմբերի 23-ին նշանակվել և 2010 թվականի դեկտեմբերի 12-ին վերանշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմում որպես հիմնադրի ներկայացուցիչ:

1999թ. հուլիսի 9–ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ:

Գլխավոր գանձապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում համակարգել է գանձապետական համակարգի փուլ առ փուլ ներդրումը և հետագա բարելավմանն ուղղված աշխատանքները: Կազմակերպել է գանձապետարանում կիրառվող ընթացակարգերի մեթոդաբանական զարգացումները և թղթային եղանակով իրականացվող գործառնությունների ավտոմատացման գործընթացը: Արդյունքում ներդրվել են գանձապետարանի գործառնական օր ծրագրային համակարգը (ԳԳՕ), գանձապետական հաշիվների էլեկտրոնային կառավարման համակարգը (Client-Treasury), բյուջեների կատարման հաշվետվությունների էլեկտրոնային համակարգը, պետական վճարումների էլեկտրոնային համակարգը (e-Payments), Պետական պարտքի կառավարման և ֆինանսական վերլուծությունների համակարգը (DMFAS 6):

Այլ՝
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, հեղինակել է մի շարք հոդվածներ, միջազգային համաժողովներում զեկույցներ և մեկ մենագրություն:
ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով և խրախուսվել է վարչապետի շնորհակալագրով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել