Ի՞նչ կարգով է որոշվում երեխայի նկատմամբ հայրությունը

Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է ՔԿԱԳ մարմնում հայրության որոշման պետական գրանցման հիման վրա:

Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է հետևյալ դեպքերում՝

1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա.

2) երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի հոր դիմումի հիման վրա՝ երեխայի մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության, մորն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաև հայրության որոշման մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնության առկայության դեպքում.

3) հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Եթե ծնողներից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին՝ հայրության որոշման գրանցման համար (բնակության վայրի հեռավորության, բուժհիմնարկում մոր գտնվելու, զինվորական ծառայության, երկարատև գործուղման, օտարերկրյա պետությունում գտնվելու կապակցությամբ և այլն), ապա բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարի կամ նոտարական գործողություններ իրականացնող այլ անձի կողմից (օրինակ՝ բուժհիմնարկի պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից)` նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ:

Մոր մահվան կամ դատարանի կողմից վերջինիս անգործունակ ճանաչվելու կամ բնակության վայրը որոշելու անհնարինության կամ ծնողական իրավունքներից զրկվելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է երեխայի հոր դիմումի հիման վրա՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով։

Այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ երեխայի ծնվելուց հետո հայրությունը որոշելու մասին համատեղ դիմում ներկայացնելը կարող է դառնալ անհնար կամ դժվարանալ, ապագա երեխայի ծնողները, որոնք ամուսնության մեջ չեն գտնվում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին նման դիմում կարող են ներկայացնել մոր հղիության ընթացքում։ Այդ դեպքում երեխայի ծնողների մասին գրառումը կատարվում է երեխայի ծնվելուց հետո։

Հայրության որոշման գրանցումը կատարվում է անկախ այն բանից, երեխայի հայրը ամուսնության մեջ է, թե ոչ:

Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշում թույլատրվում է միայն իր համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի (հոգաբարձուի) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ։

Ծնողների համատեղ դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը և անունը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

Հոր դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է հոր ցուցումով:

Հայրության ճանաչման դեպքում 10 տարին լրացած երեխայի անվան և ազգանվան փոխումը կարող է կատարվել հաշվի առնելով նրա կարծիքը՝ գրավոր համաձայնությամբ։

Այն դեպքում, երբ երեխայի հոր մասին տեղեկությունները նախկինում մոր դիմումի հիման վրա են նշվել նրա ծննդի ակտի գրանցման մեջ, բայց չեն համապատասխանում այն անձի վերաբերյալ տեղեկություններին, որը որպես երեխայի հայր է որոշվում, ՔԿԱԳ մարմինը չի կարող մերժել հայրության որոշման գրանցումը և երեխայի հոր վերաբերյալ նոր տեղեկություններ մտցնելը։

Եթե ծնված երեխայի ծնողները գրանցված ամուսնության մեջ չեն գտնվում, և բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը՝ հայրության գրանցման վերաբերյալ, ապա հայրությունը որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից։

Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել