Սեպտեմբերի 10-ից ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնությունը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ և Հարավային Կորեայի կառավարության Միավորված Ազգերի ակադեմիական ազդեցություն նախաձեռնության և կորեական «Մարդը սիրո մեջ» ՀԿ-ի օժանդակությամբ, Հայաստանում սկսում է «Առաքելությունը հնարավոր է» ծրագիրը, որի մեկնարկային աշխատաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում:
«Առաքելությունը հնարավոր է» ավագ դպրոցի աշակերտների համար նախասեսված կրթական ծրագիր է, որը վերաբերում է համաշխարհային քաղաքացիությանը: Այն կիրառում է ՄԱԿ-ի արժեքները, սկզբունքները և մեթոդները, ինչպես նաև ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի՝ երիտասարդների հետ դասընթացների անցկացման և երիտասարդական զարգացման ծրագրերի շրջանակներում ձեռքբերված տարիների փորձը: Ծրագրի ընթացքում աշակերտները ձեռք են բերում գլոբալ գիտելիքներ, այդ թվում նաև՝ ՄԱԿ-ի և կայուն զարգացման նպատակների վերաբերյալ, ինչպես նաև ծրագրերի կառավարման համար անհրաժեշտ հմտություններ իրենց իսկ կողմից իրականացվող ծրագրերի միջոցով՝ անդրադառնալով գլոբալ խնդիրների, որոնք արդիական են նաև Հայաստանի ներհամայնքային կյանքում:
Ծրագրի ավարտին մասնակիցները կներկայանան որպես փոփոխության գործակալներ՝ օժտված շրջակա աշխարհը դրականորեն փոխելու ուժով և հմտություններով:
«Առաքելությունը հնարավոր է» հայաստանյան ծրագրի առաջին մասնակիցները Երևանի հինգ ավագ դպրոցների 130 աշակերտներն են և 14 ուսուցիչները:
Սեպտեմբերի 10-ից 11-ը ծրագիրը կմեկնարկի ինտերակտիվ դասընթացով, որի շրջանակներում Հայաստան կայցելեն ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության ներկայացուցիչները Նյու-Յորքից, Հարավային Կորեայից և Հնդկաստանից՝ երկօրյա դասընթացների անցկացման նպատակով:
Դասընթացների համակարգողների շարքերը կհամալրեն Հարավային Կորեայի համալսարանի տասը ուսանողներ, ովքեր ներկայումս ուսանում են «Կրթություն և համաշխարհային քաղաքացիություն» ուղղվածությամբ:
Դասընթացները կանցկացվեն անգլերենով: Անգելերենի գերազանց իմացության դեպքում բոլոր աշակերտները կարող են միանալ մեկնարկող ծրագրին: Անգլերենի իմացությունը կխթանի ծրագրին մասնակցող օտարազգիների հետ շփմանը՝ ապահովելով ծրագրի կարևորագրույն բաղադրիչը՝ միջմշակութային հաղորդակցությանը:
ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության «Առաքելությունը հնարավոր է» ծրագիրն արդեն իրականացվել է Հնդկաստանում և շուտով կընդլայնի մասնակից երկների ցանկը: