Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի iravaban.net էլեկտրոնային կայքում «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական խնդիրների վերաբերյալ դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ նրանց կարգավիճակից և գտնվելու վայրից, տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող քաղաքացիների բժշկական օգնության կազմակերպումն իրականացնում է քրեակատարողական վարչությունը։
Դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստացող Հովհաննես Հարությունյանը գտնվում է հիվանդանոցի բուժաշխատողների շուրջօրյա հսկողության տակ։ Միաժամանակ, նրա առողջական վիճակի հետ պարբերաբար «Էրեբունի» բժշկական կենտրոնից խորհրդատվության են հրավիրվում նեղ մասնագետներ։ Ինչ վերաբերում է Հովհաննես Հարությունյանին անհապաղ վիրահատելու անհրաժեշտությանը, ապա համաձայն «Դատապարտյալների հիվանդանոցից» ներկայացված տեղեկանքի, վիրահատությունը նախատեսվում է կատարել մոտ երկու շաբաթ անց` վերքերի երկրորդային ձգումով լավացումից հետո` պլանային կարգով։ Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրավաբան.net-ը անդրադարձել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումին, որով պատգամավորը հայտնել էր, որ աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոս Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում երիտասարդին վիրահատելու ուղղությամբ: