Հովիկ Աբրահամյանը չհաստատեց նախագիծը

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի N5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից  153,76 քառ. մետր մակերեսով տարածքը տասնհինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպությանը՝ կազմակերպության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ»» հասարակական կազմակերպության միջև կնքվել էր պայմանագիր, համաձայն որի՝ «Խարիսխ» հասարակական կազմակերպությունը պարտավորվել էր անհատույց օգտագործման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո տարածքի վերանորոգման և գույքի ձեռք բերման նպատակով երկու տարվա ընթացքում կատարել 1 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ:

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանն այսօր գործադիրի նիստին ասաց, որ կազմակերպության կողմից ստանձնած վերանորոգման համար նախատեսած գումարը որոշ հանգամանքների պատճառով  ուշանում է, հետագա խնդիրներից խուսափելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ «Խարիսխ» հասարակական կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, մեկ տարի ժամկետով հետաձգելու խնդրանքով:

Ելնելով վերոգրյալից վարչությունը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպության կողմից ստանձնած ներդրումները նախատեսվում է իրականացնել  պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չշտապեց հաստատել այս նախագիծը, հետաքրքրվեց, թե ինչով է զբաղվում նշյալ հասարակական կազմակերպությունը: Պարոն Մարկոսյանը նշեց, որ այն փորձում է լուծել մարզում բնակվող հաշմանդամների սոցիալական խնդիրները:

Հովիկ Աբրահամյանը դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ հանձնարարեց ուսումնասիրել ՀԿ-ի գործունեությունը. «Այո, մեկ միլիոն դրամը այն գումարը չի, որ պետք է անընդհատ հետաձգել, բայց պարո Լոքյան հանձնարարում եմ նաև պարզել՝ ինչով է զբաղվում այս հասարակական կազմակերպությունը, եթե իրականում գործում է հաշմանդամների համար, ապա խնդիր չեմ տեսնում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը՝ հետաձգելով հարցի քննարկումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել