Ոստիկանի զոհվելու փաստը ահաբեկչական գործողություն է

Ռամկավար Ազատական կուսակցությունը իր հայաստանյան և սփյուռքյան կառույցներով դատապարտում է այսօր տեղի ունեցած զինված միջադեպը.

«Այսօր լուսաբացին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության կենտրոնի վրա մի խումբ զինյալների հարձակումը, շենքի գրավումը, անվտանգության աշխատակիցների պատանդառումը և այդ ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, մեկ ոստիկանի զոհվելու և երեք ուրիշների վիրավորվելու փաստը ուրիշ բան չէ, եթե ոչ՝ ահաբեկչական գործողություն, որը փաստորեն ուղղված է պետության ու հասարակության դեմ։

Այդ գործողությունը ոչ մի կերպ չի կարելի ապստամբություն կոչել, քանզի չի վայելում և չէր կարող վայելել հասարակության մեծամասնության հավանությունը, առավել ևս՝ քաջալերանքն ու աջակցությունը։

Ընդհակառակը, մեր ողջախոհ ժողովուրդը այդ և նման արարքները դիտարկում է որպես դավաճանություն՝ նկատի ունենալով այժմ ամենավտանգավոր փուլ մտած Արցախյան բանակցությունները, թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը միահամուռ ուժերով դիմագրավելու անհրաժեշտությունը, տնտեսական կյանքի և առաջին հերթին զբոսաշրջության վրա դրա թողնելիք բացասական ազդեցությունը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող գերլարված իրավիճակը։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, զինյալների գլխավոր պահանջն է մեկ ամիս առաջ ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը։

Ժամանակին որոշների կողմից տարակուսանքով դիմավորված այդ կալանավորումը այժմ կարելի է ասել, որ արդարացի էր, այլապես արցախյան ազատամարտի հերոսը մինչև ներկա պահը անմիջականորեն կոչ պետք է արած լիներ իր անունով հանդես եկող զինյալներին չշահարկելու իր անունը և անհապաղ հանձնվելու իրավապահներին։ Նման կոչի բացակայությունը համազոր է ահաբեկչությանը մասնակցելուն։

Ռամկավար Ազատական կուսակցությունը իր հայաստանյան և սփյուռքյան կառույցներով դատապարտում է կատարված ահաբեկչությունը և զինյալների հետ անվտանգության աշխատակիցների՝ ներկայիս տարվող բանակցությունների ձախողության պարագայում նրանց վնասազերծումը՝ հնարավորինս առանց արյունահեղության»։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել