Այս տարի հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք՝ 10 տուժածով, որից 1-ը մահվան ելքով: Դեպքերը գրանցվել են Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզերում և Երևանում:
2015 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է բոտուլիզմի 12 դեպք՝ 17 տուժածով: Մահվան դեպք չի գրանցվել:
Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:
Հաշվի առնելով, որ ամռանը բնակչությունը տնային պայմաններում պատրաստում է պահածոներ, ուստի բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`
- խուսափե´ք տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց և օգտագործելուց
- տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե
- մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
- հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
Իրավաբան.net