Մինչ այս տեղեկացրել ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև հարակից այլ օրենքներ:
Կառավարությունն այս օրենքները ներկայացնելով խորհրդարան փաստել է, որ շուկայական տնտեսության պայմաններում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ բացակայում է շուկայի մասնակիցների` իրենց կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորությունը: Ըստ գործադիրի՝ անհրաժեշտ է որոշակի իրավական գործիքների եւ կանոնակարգումների միջոցով պաշտպանել ինչպես պարտատերերի, այնպես էլ պարտապանների շահերը:
Եթե քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով իրավունքների պաշտպանությունը հիմնականում անհատական շահերի պաշտպանության միջոց է, ապա սնանկության պարագայում նպատակը կոլեկտիվ շահերի պաշտպանությունն է, որը ներառում է ինչպես պարտատերերին, այնպես էլ պարտապանին, չնայած, որ, որպես կանոն, սնանկության վարույթները սկսվում են առանձին անձանց դիմումների հիման վրա:
Այսպիսի իրավիճակները կարգավորվում են սնանկության միջոցով: Սնանկությունը հետապնդում է մի քանի նպատակ. ապահովել պարտատերերի՝ պարտապանին ուղղված պահանջների կատարումը, նպաստել ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող կազմակերպություններին պարտավորությունների կատարման՝ ֆինանսական առողջացման ծրագրի իրագործման միջոցով դուրս գալ սնանկացման գործընթացից եւ վերսկսել բնականոն գործունեությունը: Սնանկության իրավահարաբերությունների կարգավորման բեռի մեծ մասն ընկնում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վրա /այսուհետ նաեւ՝ Օրենք/:
Կառավարությունն արձանագրում է, որ օրենքում առկա են որոշակի բացեր, թերություններ, որոնք նշվել են ինչպես Համաշխարհային բանկի փորձագետների ուսումնասիրության արդյունքում տրված 2014թ. եզրակացությամբ, այնպես էլ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի որոշմամբ եւ Օրենքի կիրառմանը մասնակցող պաշտոնյաների, մասնագետների ու այլ անձանց կարծիքներում:
Արդյունքում Օրենքը պահանջում է որոշակի փոփոխություններ, որոնք կվերացնեն առկա թերությունները եւ բացերը, ինչը զգալիորեն կբարձրացի Օրենքի կիրառման արդյունավետությունը:
Փաթեթի հեղինակները պնդում են, որ ներկայումս սնանկության ոլորտում բացակայում է ճգնաժամային կառավարման (սնանկության վտանգի) մեխանիզմը, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարտավորեցնում է պարտապանին դիմել դատարան՝ կամավոր սնանկության այն դեպքում, երբ պարտավորությունները գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի եւ ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը:
Կամավոր սնանկության դիմումին հետեւում են սահմանափակումները՝ մորատորիումը, ինչը գործնականում ստեղծում է դժվարություններ ընկերության հնարավոր առողջացման եւ շուկա վերադառնալու հրատապ քայլեր կատարելու համար: Կամավոր սնանկության դիմող պարտապանը օգնության ձեռք է փնտրում, որը նրան պետք է մատչելի լինի անմիջապես: Այսինքն՝ ճգնաժամում հայտնված պարտապանին այնպիսի աջակցություն է պետք, որը գործնականում հնարավորություն ընձեռի բանակցել եւ ստանալ պարտավորությունների կատարման նոր մեխանիզմ կամ ժամանակացույց, կամ այլ այնպիսի գործիքների կիրառում, որոնք կարող են փրկօղակի դեր կատարել եւ չստիպել պարտապանին ընկղմվել սնանկության բարդ ընթացակարգի մեջ:
Սակայն ճգնաժամային կառավարման հարցում օգնությունն ավելի արդյունավետ կլինի այն դեպքում, երբ պարտապանն արդեն իսկ կանխատեսում է սնանկության հնարավորությունը, սակայն դեռեւս առկա չեն սնանկության հատկանիշները: Հենց այս փուլում հակաճգնաժամային կառավարման ինստիտուտի ներմուծումը սնանկությունների կանխման համար կարեւոր միջոց կարող է դառնալ: Պարտապանի ճգնաժամային կառավարման համար համապատասխան իրավասություններ եւ գործիքներ պետք է տրվեն սնանկության կառավարիչներին, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները համատեղելով այն լրացուցիչ իրավունքների ու գործիքների հետ, որ կունենան օրենքով, կկարողանան օգնել պարտապանին հաղթահարել դժվարությունները եւ վերադառնալ բնականոն գործունեության:
Գործող համակարգում բանկերը կարող են նման ֆինանսավորումը դիտարկել, որպես շահույթի աղբյուր, հաշվի առնելով, որ առաջնահերթության դեպքում պահանջի բավարարման հավանականությունը բարձր է:
Պարտապանի կողմից ֆինանսավորումը խրախուսելու համար վերակազմավորումը հաջողությամբ իրականացնող շատ երկրներում իրավական համակարգը թույլ է տալիս, որպեսզի սնանկության վարույթի ներքո վերակազմավորվող ընկերության վարկատուներին տրվի պահանջի բավարարման առաջնահերթություն:
Առաջնահերթություն կարող է շնորհվել մի քանի ճանապարհով: Գերմանիայում այն շնորհվում է վարկատուներին, որոնք ֆինանսավորում են տրամադրում գործի վարույթը սկսվելուց հետո, բայց միայն չապահովված պարտատերերի դեպքում: Ֆրանսիայում դատարաններին թույլ է տրվում հաշտության վարույթի ընթացքում ֆինանսավորում տրամադրող պարտապանների շահերի կամ գույքի պաշտպանության նպատակով առաջնահերթություն շնորհել, որը գերակայում է գործող գույքային իրավունքները: ԱՄՆ-ում դատարանը շնորհում է վարույթի ընթացքում ընկերության հետ առեւտրային գործարքներ իրականացնող ընկերությունների պահանջների առաջնահերթ բավարարման իրավունք, կամ կարող է թույլ տալ վարույթի ընթացքում ստացված հասույթից վարկատուների պահանջների բավարարման առաջնահերթություն կամ գույքի նկատմամբ գործող իրավունքներին հավասար կամ առաջնահերթ իրավունք, եթե պարտապանը չի կարող չապահովված վարկ ստանալ:
Մանրամասները՝ այստեղ:
Իրավաբան.net