Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության պատվիրակության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Բրիտանիայի դեսպանության, Միավորված ազգերի կազմակերպության և ԱՄՆ դեսպանության կողմից համատեղ կազմակերպված՝ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության շրջանակներում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվել է «Արդարության խթանում բոլորի համար» մրցանակով: Դատավորին մրցանակը հանձնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Անկախ, արդյունավետ և վստահելի արդարադատության համակարգը կենսական նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման հարցում», – ասել է դեսպանը: Դատավոր Հովակիմյանին մրցանակ է հանձնվել համարձակ և անդրդվելի ջանքերի համար՝ ուղղված Հայաստանում անկախ դատական համակարգի ձևավորմանը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը 2016 փետրվարի 19-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ճանաչվել էր 2015 թվականի լավագույն դատավոր:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն ընդգրկված է նաև դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
Այս մասին ասվում է Դատական դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Իրավաբան.net