«Ուրիշ բան եմ ասել, ուրիշ բան ա դուրս եկել». վկան հրաժարվեց քննիչին տված ցուցմունքից

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի և ևս երկու անձանց սպանության գործով դատավարությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին և Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և պահել ինքնաձիգեր, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու համար:

Այսօր  դատակոչվել էին 4 վկա՝ Արթուր Հակոբյանը, Ռուդիկ Խլոյանը, Գրիգոր Իսրայելյանը և Վազգեն Մալայանը:

Վկա Արթուր Հակոբյանը ամբաստանյալներից ճանաչեց Սարգիս Գրիգորյանին. վերջինիս նրա մորաքրոջ որդին է: Վկան նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակից է: Դատարանին պատմեց, որ դեպքից հետո իրեն հրավիրել են ԱԱԾ և, ծանոթացնելով կատարված դեպքի հանգամանքներին, ցույց են տվել մի քանի տեսաձայնագրություն:

Մոտ 6 անգամ այդ տեսաձայնագրությունները դիտելուց հետո, վկան հայտնել է  ԱԱԾ քննիչներին, որ չի ճանաչում դրանցում երևացող որևէ մեկին. «Նույնիսկ հարցրին քայլվածքով ճանաչում ես մորաքրոջդ տղուն, ասեցի՝ չէ ինքը չի հաստատ»:  Արթուր Հակոբյանը նաև ընգծեց, որ նախաքննական ցուցմունքը իր ձեռքով չի գրել. «Ասեցի դուք գրեք, ես էդ ձեր բառերով չեմ կարող գրեմ, հետո իմ սովորության համաձայն, առանց կարդալու տակը ստորագրեցի»:

Արդյունքում, մեղադրող կողմը, հիմք ընդունելով վկայի նախաքննական ցուցմունքի և դատարանում տրված վկայության միջև առկա էական հակասությունները, միջնորդեց դատարանին հրապարակել նախաքննական ցուցմունքը:

Այպսիսով, ըստ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի, Արթուր Հակոբյանին ցուցադրել են «Զովք» սուպերմարկետի մոտակայքում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունը: Արդյունքում,  վկան դրանցում ճանաչել է իր մորաքրոջ որդուն: Ա.Հակոբյանը իր նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո հայտարարեց. «Էդ ես չեմ գրել,  ես չէի կարա տենց բան գրեի: Ուրիշ բան եմ ասել, ուրիշ բան ա դուրս եկել»:

Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ ամբաստանյալների հարազատների վրա ճնշում է գործադրվել: Սակայն գործով նախագահող դատավոր Արտուշ Հակոբյանի այն հարցին, թե ԱԱԾ-ի քննիչները իրեն վախեցրել են, վկան բացասական պատասխան տվեց: Ի վերջո,  դատարանը վկայի համաձայնությամբ, որոշում կայացրեց չարձանագրել Արթուր Հակոբյանի նախաքննական ցուցմունքը:

Հաջորդիվ դատարանի առջև ներկայացավ վկա Ռուդիկ Խլոյանը, որը դատարանին հայտնեց, որ չի ճանաչում ամբաստանյալներին: Ռուդիկ Խլոյանը պատմեց, որ դեպքի օրը գնացել էր «Նուբարաշեն»-ի մեկուսարան՝ ընկերոջը տեսակցության և լսել կրակոցների ձայներ. «Սկզբում մտածեցի հրավառություն ա»:  Ռ.Խլոյանը շեշտեց նաև, որ կրակող անձ չի տեսել:

 Սակայն նույն վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ  Ա.Հակոբյանը կրակող անձ է տեսել իր ավտոմեքենայի մոտ: Վկան խոստովանեց դատարանին. «Մարդիկ էին պատմում, որ իմ մեքենայի մոտ ա եղել կրակողը» :

 Վկա Գրիգոր Իսրայելյանը ևս չճանաչեց ամբաստանյալներին:  Գ. Իսրայելյանը տաքսու վարորդ է և դեպքի օրը պատվիրատու է տեղափոխվել «Նուբարաշենի» ՔԿՀ :Պատվիրատուի խնդրանքով սպասել  է մինչ վերջինիս կվերադառնա ու այդպես քնել իր ավտոմեքենայում, հետո արթնացել  է կրակոցների ձայներից: Գ. Իսրյաելյանը նշեց նաև, որ անձանց գործողությունների ականատես չի եղել մոտ  5 րոպե տևած կրակահերթի ընթացքում:

Մեղադրող կողմը միջնորդեց դատարանին հրապարակել վերոնշյալ վկայի նախաքննական ցուցմունքը , քանի որ տրված երկու ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ: Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը և նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո հայտնի դարձան դեպքի այլ մանրամասներ:

Այսպես, մեկ տարի առաջ վկան նախաքննության մարմնին հայտնել էր, որ իր մեքենայի  ձախակողմյան մասում տեսել է մի դիմակավոր մարդ, ով հայհոյելով կրակոցներ էր արձակել, այնուհետև իր ավտոմեքենայից քիչ հեռու կանգնած «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս է եկել երկրորդ դիմակավոր անձը: Վկան հայտնել էր նաև, որ լսել է և՛ հրաձիգից կրակոցներ, և՛ ատրճանակից, միչդեռ նախքան նախաքննական ցուցմունքի հրապարակումը Գ.Իսրայելյանը հավաստիացրեց դատարանին, որ եղել են միայն հրաձիգից կրակոցներ:

Այսօր հարցաքննված չորրորդ վկան՝ Վազգեն Մալայանը նույնպես չճանաչեց ամբաստանյալներին և պատմեց դատարանին, որ կատարված սպանության օրը դատապաշտպանի էր բերել «Նուբարաշեն» ՔԿՀ  և ավտոմեքենան կայանել երկրորդ կայանատեղիում ու շարունակեց. «Շուխուր եկավ, հելանք տենանք սպանություն ա եղել»: Վկան ասաց նաև, որ մինչ կրակոցների ձայնը լսելը ոչինչ կասկածելի չի նկատել տեղանքում: Բայց մեղադրող կողմի միջնորդությամբ հրապարակված  Վ. Մալայանի նախաքննական ցուցմունքում ասվում էր, որ վկան ականատես է եղել, թե ինչպես են 2 հոգի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի սրահ դնում ծանր հրազենային վնասվածք ունեցող անձին:

Նշենք՝ այդ գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 28-ի, որի ընթացքում նույնպես կհարցաքննվեն վկաներ:

Լիանա Մկրտչյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել