Դատարանում հայտնվեց ձայնագրություն, որը պարտություն էր «ԱՐ հեռուստաընկերության համար». Ռոբերտ Գասպարյան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր լրագրող Նունե Սիմոնյանն ընդդեմ «ԱՐ հեռուստաընկերության» գործով դատավարությունը, սակայն արդեն երկրորդ անգամ նիստը հետաձգվեց` պատասխանող կողմի ներկայացուցչցի` Արմեն Նազարյանի միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսին երկար տարիների փորձ ունեցող լրագրողն ազատվել է աշխատանքից և այժմ դատարանում պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում  և բռնագանձել  հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը դատարանին գրավոր միջնորդել էր` խնդրելով նիստը հետաձգել, նշանակել մեկ այլ հերթի (հունիսի 16-ին) և իր բացակայությունը համարել հարգելի, քանի որ դատարան չի կարող ներկայանալ վատառողջության պատճառով:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը խնդրեց, այնուամենայնիվ, շարունակել դատավարությունը, սակայն  դատարանի որոշմամբ նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստի օր նշանակվեց օգոստոսի 22-ը, քանի որ  հուլիսի 15-ից նախագահող դատավոր Ա. Կուբանյանը լինելու է  արձակուրդում:

Նունե Սիմոնյանի որդին` Ռոբերտ Գասպարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ դատական նիստն արդեն երկրորդ անգամ հետաձգվում է, որովհետև պատասխանող կողմը չունի անհրաժեշտ իրավական փաստեր և չի ցանկանում, որ այս գործը մեծ հնչեղություն ստանա:

«Առաջին իրավաբանին ազատեցին, որովհետև դատարանում հայտնվեց այնպիսի ձայնագրություն, որը, փաստացի, պարտություն էր նրանց համար: Իսկ երկրորդ փաստաբանն արդեն երկրորդ անգամ է հետաձգում դատական նիստը, առաջին անգամ ասելով, որ գործին դեռ ծանոթ չէ, իսկ հիմա էլ չգալու պատճառը հիվանդությունն է»,- ասաց Ռ. Գասպարյանը:

Նշենք, որ այժմ Նունե Սիմոնյանն արտագաղթել է ԱՄՆ` Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով: Բոլոր դռները փակվել են նրա առջև այն բանից հետո, երբ խնդիրներ են առաջացել «Ար հեռուստաընկերության» տնօրինության հետ:

Գործի մանրամասներն` այստեղ:

Վիկտորյա Գևորգյան
Լիանա Մկրտչյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել