Եթե երկու րոպե ուշանայինք հարազատները նույնիսկ չէին իմանալու, թե Քնարին ուր տարան, ինչ մեքենայով տարան

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանը հունիսի 14-ին ծանուցագիր է ստացել` ՀՀ Քննչական կոմիտեի  ՀԿԳ ավագ քննիչ Գ. Ս. Խաչիկյանի մոտ ներկայանալու վերաբերյալ` քննչական գործողությունների մասնակցելու համար: Ծանուցման մեջ զգուշացվել է, որ չներկայանալու դեպքում բերման կենթարկվի:

Ինչպես արդեն իսկ հայտնել էինք, այսօր «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, որ փորձում են լրագրողին բերման ենթարկել: Դեպքի վերաբերյալ հայտարարությամբ և պարզաբանումներով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը, Քննչական կոմիտեն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ ծանուցում ստանալուց հետո գրավոր դիմել է քննիչին և հայտնել, որ  լրագրող Քնար Մանուկյանը  չունի որևէ դատավարական կարգավիճակ, ուստի չի կարող բերման ենթարկվել: Նաև հայտնել է, որ չեն կարող բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրները` համաձայն «ԶԼ մասին» օրենքի 5-րդ հոդվածի:

«Ամեն ինչ սկսվեց հետևյալ հրապարակումից «Օհանյանի անվտանգության պետը մարդ է ծեծել»: Այն հրապարակվում է հունիսի 11-ին: …Այսօր` հունիսի 16-ին, քննիչ Խաչիկյանը, երևի վատ տրամադրությամբ արթնանալով, որոշում է կայացրել մեր լրագրողին բերման ենթարկել: Ի՞նչ է սա նշանակում: Ինչպե՞ս կարելի է բերման ենթարկել` առանց քրեդատավարական կարգավիճակի»,- ասաց Թ. Թովմասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ լրագրողին բերման ենթարկելու համար նրա բնակարան են այցելել ռազմական ոստիկանները: Այս հարցի վերաբերյալ թերթի փոխխմբագիր Վահագն Հովակիմյանը նշեց.

 «Ռազմական ոստիկանությունը կարող է միայն իրավական շփում ունենալ զինվորականների հետ, այսինքն, այն քաղաքացուն անձամբ բերման ենթարկելու իրավունք չունի: Հետո նրանք պետք է հստակ ասեին` ինչ հիմքերով են բերման ենթարկում, հակառակ դեպքում դա ազատության իրավունքի խախտում է: Բացի այդ, նրանք եկել էին քաղաքացիական հագուստով, ինչը նույնպես օրենքի խախտում է: Մենք էն պահին ենք հասել, երբ Քնարին պարտադրանքով դուրս էին բերում շենքից: Եթե երկու րոպե ուշանայինք հարազատները նույնիսկ չէին իմանալու, թե Քնարին ուր տարան, ինչ մեքենայով տարան»:

Նշենք նաև, որ այսօր պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում էր տարածել այն մասին, որ ռազմական ոստիկանությունը բերման ենթարկելու գործառույթ իրականացնել չի կարող և խոսքը վերաբերում է  Քննչական կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելուն:

Լուսանկարում` Քնար Մանուկյանը

Վիկտորյա Գևորգյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել