Կամ թողնել լրագրությունը կամ խաղալ կանոններով. Տեղեկատվության աղբյուրի գաղտնիության երաշխիքները

Լրագրողների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրող պաշտոնատար անձինք պետական իշխանության հովանավորության ներքո են և նրանց առջև կանաչ լույս է վառված. Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով տեղեկատվության աղբյուրները բացահայտելու խնդրին:

Նորանկախ Հայաստանի, ցավոք, կան նախադեպեր, երբ պետական մարմինները լրագրողի աղբյուրները բացահայտելու համար ճնշումների են դիմում: Վերջին և աղմկահարույց դեպքը վերաբերում է 2014 թվականին «Հրապարակ» և ilur.am լրատվական կայքերի կողմից գրեթե նույնաբովանդակ այն հրապարակումներին: Երկու լրատվամիջոցներն էլ սեփական աղբյուրներին հղում անելով՝ գրել էին, որ Շիրակի ոստիկանապետը բռնություն է գործադրել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի դեմ:

ADB2C7A6-3C67-4939-8EEC-9EE0C3AA3EF9_w900_r1_s-440x247

Քրիստինե Խանումյան

Այս հրապարակումից հետո սակայն լրատվամիջոցների դեմ արշավ սկսվեց՝ տեղեկության աղբյուրը բացահայտելու պահանջով: Նախ Քննչական կոմիտեն դատարան դիմեց՝ լրատվամիջոցներին աղբյուրը բացահայտել պարտավորեցնելու հայցապահանջով: Դատարանը հայցապահանջը բավարարեց: Մեզ հետ զրույցում ilur.am լրառվական կայքի գլխավոր խմբագիր Քրիստինե Խանումյանը պատմում է, որ նույնիսկ դատական ակտը չստիպեց նրան՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ինչի հետևանքով արդեն դատական ակտը չկատարելու համար քրեական գործ հարուցվեց նրա դեմ: Սակայն քրեական գործի հարուցումը, որը հենց ակնհայտ ճնշում էր խմբագրի վրա, նրան չստիպեց նահանջել:

Քրիստինե խանումյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, զուտ լրագրողական սկզբունքայնության հարց էր՝ չէր կարող տեղեկատվություն տրամադրող աղբյուրին դնել վտանգի տակ և գործել լրագրողական սկզբունքին հակառակ. «Ես աղբյուրս չէի բացահայտի, քանի որ իրավապահ մարմինները կարող էին շատ հանգիստ դեպքը բացահայտել՝ առանց դրա: Դրանով ես կստեղծեի նախադեպ եւ դրանից հետո նրանք կարող էին ցանկացած լուրի դեպքում գալ, լրագրողին ասել՝ ասեք ձեր աղբյուրը: Այսինքն, մի կողմից լրագրողները կկորցնեին «չորրորդ իշխանություն» լինելու փաստը, մյուս կողմից՝ կդառնային անվստահելի, որովհետեւ կան շատ մարդիկ, որոնք կարող են լրագրողին այս կամ այն հավաստի ինֆորմացիան տալ՝ պայմանով, որ նրանց գաղտնիությունը չբացահայտվի: Դա աշխարհում ընդունված պրակտիկ է»:

Իսկ կա՞ր արդյոք վախը՝ սեփական անձի համար: Քրիստինե Խանումյանը նշում է, տվյալ պարագայում նժարին դրված էր երկու խնդիր՝ մասնագիտական սկզբունքները մի կողմ դնել՝ վախի պատճառով, թե, այնուամենայնիվ, պայքարել: «Եթե լրագրող ես, պետք է հասկանաս, որ կամ խաղում ես խաղի կանոններով, կամ թողնում ես լրագրությունը: Այս պարագայում ավելի լավ է՝ ես թողնեի լրագրությունը, քան անեի մի բան, որ ինքս որպես լրագրող, որպես խմբագիր, իմ սկզբուննքերին դեմ լինեի»:

«Եթե անգամ աղբյուրս ուզեր բացահայտվել, ես նրա անունը չէի տալու, դա սկզբունքային հարց էր, որովհետեւ իրավական առումով բոլոր խնդիրները կարգավորվում են: Այս պարագայում կար դեպքը, կային այլ վկաներ, որոնց միջոցով կարող էին հանցագործությունը բացահայտել»,- նշում է Ք. Խանումյանը:

Նրա խոսքով, այս գործով կոպիտ դատավարական խախտում էր եղել. Դատարանը նախաքնական մարմնի հայցը քննել էր՝ առանց իրենց ներկայաության և իմացության.«Մեզ դատարանի որոշումն են միանգամից բերել, կոպիտ խախտում էր տեղի ունեցել: Մեր խնդիրը օրենքը պաշտպանելն էր այն մարդկանցից, որոնք իրենք էին ի պաշտոնե պարտավոր դա անել»:

IMG_0324-copy

Արտակ Զեյնալյան

Այս գործով դատական երեք ատյաններով անցնելուց հետո «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչները դիմեցին Սահմանադրական դատարան՝ խնդրելով Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի հոդվածի 2-րդ մասի «ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով», սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները» եւ հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը» դրույթները: Այդ դրույթները խոսքի ազատության իրավունքին միջամտելու չափազանց լայն հնարավորություն են ընձեռում: Նրանք վիճարկում էին ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի սահմանադրականությունը:  2015 թվականի օգոստոսի 20-ին ՍԴ-ն բավարարեց դիմումը:

Այս գործով Սահմանադրական դատարան դիմողի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ կար միտում, որ քողարկված ձևով լրատվամիջոցներին պարտավորեցնեին ցուցմունքներ տալ և բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ հեշտացնել իրավական մարմինների գործը և նաև դրանով կասեցնեին տեղեկատվության ազատությունը, թեթևացնեին այն հնարավոր բարդությունները, որոնք լինում են տեղեկատվության ստանալու պարագայում.

«Իրավապահ մարմինները ցանականում էին «սառեցնող էֆեկտ» ստանալ լրատվամիջոցների և նրանց իրազեկողների նկատմամբ, ովքեր լրատվամիջոցներին տվյալ ձևով հայտնում եմ հանրային, կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ՝ տարբեր տեսակի կազմակերպությունների և պետական մարմինների ներքին խոհանոցի վերաբերյալ»։

Հարցին, թե ինչու՞ համաձայնեց այս գործով հետևողական լինել ու հասնել նպատակադրված հանգուցալուծմանը, իրավապաշտպանը պատասխանեց.  «Գործը հարմար էր ստրատեգիական դատավարություն վարելու համար և մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք այդ լրատվամիջոցների հետ՝ նրանց իրավունքները պաշտպանելու համար։ Դիմեցինք Սահմանադրական դատարան և այդ դրույթները ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող»։

Արտակ Զեյնալյանը Սահմանադրական դատարանի այս որոշումը մեծապես կարևորում է. «Սա նախադեպ էր դատական իրավակիրառական պրակտիկայի դրսևորումով, նախկինից տարբերվող կիրառման ձևով, նոր մեկնաբանություն էր գործող օրենքի գոյություն ունեցող իրավական ակտերի մեկնաբանությունում։ ՍԴ որոշումը օրենքում կատարված փոփոխությունն էր և այլևս չկա այն օրենքը, որին վկայակոչելով իրավապահ մարմինները կարող էին պարտադրել բացահայտել տեղեկատվության աղբյուրը կամ դատարանները հղում կատարեին օրենքի այդ դրույթներին և պարտադրեին լրատվամիջոցին բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Այլևս այդ օրենքը չկա և սա ավելին քան նախադեպ էր»։

Սակայն ՍԴ որոշումից հետո, երբ օրենսդրական փոփոխություն եղավ՝ առավելապես երաշխավորելով տեղեկատվությանա ղբյուրի գաղտնիությունը,  իրավապահ մարմինները չեն դադարել գտնել ճանապարհներ՝ նյութի աղբյուրները բացահայտելու համար. «Կա շրջանցելու մի միտում՝ սուտ մատնության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը, որը ևս քողարկված մի ձև է տեղեկատվության աղբյուրը բացահայտելու համար։ Իրավապահ մարմինների նպատակը սառեցնելն է ազատ խոսքը»,- նշեց Ա. Զեյնալյանը։

Իսկ այն հարցին, թե լրագրողներն իրավական առումով որաքանով են պաշտպանված, Ա. Զեյնալյանը պատասխանեց. «Քիչ են պաշտպանված, որովհետև նրանց նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնության գործադրող պաշտոնատար անձինք պետական իշխանության հովանավորության տակ են գտնվում և նրանց առջև կանաչ լույս է վառված։ Նաև լրագրողները հետևողական չեն, շատ արագ դադարեցնում են պայքարը, համակերպվում են, գուցե նաև գործարքի են գնում. կա նաև այս երևույթը, որը պարապ հող է ստեղծում պաշտոնատար անձանց համար նրանց իրավունքները խախտելու համար»։

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ իրավապահ մարմինները հնարավորինս խոչնդոտում են, որպեսզի լրագրողները ազատորեն տեղեկատվություն հավաքեն, այնուհետև ազատորեն տնօրինեն. «Եվ ոչ միայն իրավապահ մարմինները, այլ նաև այլ անձինք, այդ թվում՝ թիկնապահներ, թիկնազոր։ Կամ ուղղակի հոգեբանական կամ ֆիզիկական բռնությունը լրագրողի նկատմամբ, սա էլ ոչ հազվադեպ հանդիպող միջամտություն է՝ խոսքի ազատության իրավունքի նկատմամբ, և սրանից ածանցվող հաջորդ բախումը՝ հետաքննություն, նախաքննություն չիրականացնելը և չբացահայտելը իրավունքի խախտում իրականացրածին և պատասխանատվության ենթարկել»։

1543328_713295575370684_690048388_n-copy

Զարուհի Մեջլումյան

18 տարվա լրագրողական աշխատանքի փորձ ունեցող, «Հետք» ինտերնետային թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանը մեզ հետ զրույցում ասում է, որ երբեք անանուն աղբյուրով նյութ չի հրապարակել: «Հիմա նման երկընտրանքի առաջ կանգնած եմ, դեռ մտածում եմ, թե ինչպե՞ս կարելի է վարվել, որ չվնասեմ ինֆորմացիայի աղբյուր հանդիսացող անձին, բայց նաև հավաստի լինի գրածս: Ինքս վերապահումով եմ մոտենում այն նյութերին, որոնք սկսվում են «ասում են» կամ «մեր աղբյուրը փոխանցեց» ձևակերպումներով նյութերին: Ես դեմ եմ նյութերում անանուն աղբյուր օգտագործելուն: Առհասարակ, լրագրողի դերը հենց այն է, որ կարողանա ինքնուրույն գտնել այլ փաստեր, համադրել, հակադրել դանք, ստանալ իր պատկերը»:

Զարուհու խոսքով՝ որպես ընթերցող էլ նման նյութերը հավատ չեն ներշնչում ու իր համար էլ վստահելի չեն. «Երբևէ անանուն աղբյուրով նյութ չեմ գրել: Չեմ գրել, քանի որ դեմ եմ այդ ոճին, դա մի տեսակ հեշտ լրագրություն է՝ մեկն ասաց, ուրեմն կարող եմ վազել ու գրել, բայց աշխատանքը հենց այն է, որ ստուգես փաստերը: Լրագրողի հայտնածը պիտի վստահելի լինի»:

Առանց անանուն աղբյուրներին հղում անելու իր տարբերակը Զ. Մեջլումյանն այսպես է ներկայացնում. «Անանուն աղբյուրի հայտնածը պիտի հիմնավորեմ, ամրապնդեմ փաստերով ու ապացույցներով, նոր գրեմ ու նյութում այլևս չանդրադառնամ աղբյուրին, քանի որ իր ասածը ես կկարողանամ ցույց տալ այլ փաստերով: Սա է ճանապարհը: Այս ամենը նման է փաստաբանությանը, ինչպես լրագրողի, այնպես էլ փաստաբանի հիմնական գործիքը փաստն է, ապացույցը, դրանից դուրս ամենը ածանցյալ է»:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել