«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանության գործով այսօր դատավարությունը շարունակվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 4-ին արձակված կրակոցների հետևանքով սպանվեց քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանն ու ևս երկու հոգի:
Այսօր մեղադրող դատախազնրը ներկայացրեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն, ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Գրիգորյանն (Ծգլ) ու Սարգիս Հախանումյանը (Տլե) լարված հարաբերություններ են ունեցել Լևոն Ղազարյանի և նրա մտերիմների հետ: Նախապես տեղեկանալով այն մասին, որ տվյալ օրը Լևոն Ղազարյանը պետք է այցելի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Դավիթ Իսպիրյանին, նրանք եկել են այդ տարածք, դարանակալել մգեցված ապակիներով մեքենայի մեջ:
Նրանց մեքենան չի նկատել անգամ սպանվողներից Մեսրոպ Նազարյանցը, ով մինչև Լևոն Ղազրայանի ժամանելը, նախապես եկել ու անվտանգության նկատառումներով զննել է տարածքը: Իսկ երբ Լևոն Ղազարյանը եկել է, և մեքենայից իջնելու պահին նրան է մոտեցել Մեսրոպ Նազարյանը, կրակ են բացել ապօրինի պահվող երեք ինքնաձիգներից (ընդհանուր՝ 82 փամփուշտ): Մեսրոպ Նազարյանը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին:
Դեպքից հետո նրանք տաքսիով տեղափոխվել են Նոր Նորքի 2-րդ զանգված, այնտեղից մեկ այլ տաքսիով գնացել են Ավան Առինջ թաղամաս, իսկ այնտեղից էլ ոտքով քայլել են «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերի մոտ, ովքեր ամբաստանյալներից մեկի ծանոթն են:
Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո դատարանը ամբաստանյալներին հարց ուղղեց, թե ինչ դիրքորոշում ունեն մեղադրանքի վերաբերյալ: Երեք մաբաստանյալներն էլ ասացին, որ հրաժարվում են հարցերին պատասխանել և մեղադրանքը չեն ընդունում: Իսկ դատավորի հարցին, թե ինչու՞ մեղադրանքը չի ընդունում, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Մենք դրա հետ կապ չունենք»:
Այս գործով դատակոչվել է 50-ից ավելի վկա, սակայն այսօրվա դատական նիստին նրանցից ոչ ոք դատարան չէր ներկայացել: Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 10-ին: