«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչած կրակոցների և սպանությունների գործը մտավ դատարան

Նախորդ տարի մարտ ամսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց տեղի ունեցած կրակոցների ու սպանությունների գործը մտել է դատարան: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատալեքս տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին և Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել ինքնաձիգեր, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Այս գործը մարտի 11-ին մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Նշենք, որ Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1,6 և 7 կետերով, ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել