Էկոնոմիկայի նախարարությունն այսօր տրամագծորեն հակառակ կարծիքն ուներ Ֆինանսների նախարարության նախագծի նկատմամբ:
Նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստին նախագծով ներկայացրեց գործադիրի եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագծով առաջարկվում էր սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով:
Գագիկ Խաչատրյանն ասաց, որ նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից: Ըստ նրա՝ գործող օրենսդրությամբ սահմանված՝ ազատ տնտեսական գոտու շահագործողների կողմից ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները միայն շահութահարկից ազատելու մոտեցումը բխում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակի իրագործման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակադրումից: Մասնավորապես, ինչպես հայտնի է, ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճ ապահովելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Անհատ ձեռնարկատերերին ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնելու լրացուցիչ խթանների տրամադրումը չի հանգեցնի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման,
Կառավարության եզրակացությամբ՝ անհատ ձեռնարկատերերին եկամտային հարկի վճարումից օրենքի ուժով ազատելը խախտում է նրանց՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներից օգտվելու իրավունքը՝ հաշվի առնելով այն, որ եկամտային հարկ վճարելու հանգամանքով է պայմանավորված անհատ ձեռնարկատերերի՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներից օգտվելու իրավունքը:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն, առարկելով նախագծի դեմ, շեշտեց, որ գերատեսչությունը տրամագծորեն հակառակ կարծիքն ունի, նա ասաց, որ նախկինում այս նորմը նախատեսված էր օրենսդրությամբ. «Առ այս պահը մենք չունենք ազատ տնտեսական գոտում անհատ ձեռնարկատերեր, շահագործող: Ըստ էության, բյուջեի վրա բացասական ազդեցություն չի ունենա, բայց փոխարենը մենք ապահովում էինք նաև արդար, հավասար պայմաններ»:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, շարունակելով պարոն Մինասյանի միտքն, ասաց. «Բայց մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ տեսլական ունենք ազատ տնտեսական գոտում, արդյոք մենք պատկերացնում ենք դա որպես մի գոտի, որտեղ անհատ ձեռնարկատերեր են գործում, թե իրականում մենք պատկերացնում ենք բարձր տեխնոլոգիաներով հագեցված, խոշոր ընկերությունների ներկայություն, ես կարծում եմ, որ մենք դրա համար չէինք ստեղծում ազատ տնտեսական գոտին, որ այնտեղ բերենք անհատ ձեռնարկատերեր, մենք պետք է խթանենք մեծերին, իսկ սա խթանիչ գործիք է: Ես շատ ուրախ եմ, որ որևէ անհատ ձեռնարկատեր չկա այդ ազատ տնտեսական գոտում, որովհետև մենք ուղղակի կվարկաբեկեինք այդ գաղափարը»,- շեշտեց նա:
Գագիկ Խաչատրյանը հավելեց, որ եթե արտոնեություններ են տրվում, ապա պետք է հասկանալ՝ ինչու ու հարկավոր գնահատելի լինի այդ ամենը. «Մենք ասում ենք՝ հարկային օրենսգրքում քննարկվում են բոլոր այն դրույթները, որոնք երկարատև ժամկետի համար կապահովեն տնտեսական խթանման գործիքները: Մենք կարծում ենք, քանի որ գնում են քննարկումներ են Հարկային օրենսգրքում, պետք է ձեռնպահ մնալ լրացուցիչ արտոնեություններից»:
Վարչապետը հետաքրքրվեց՝ այլ տեսակետներ կա՞ն, թե՝ ոչ, արձագանքողներ չեղան ու եզրակացությունը հաստատվեց՝ կառավարությունը մերժեց պատգամավորի նախագիծը: