Գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Նշված է կառավարության այսօրվա նիստին ներկայացրած նախագծում:
Ասվում է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշերում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերը:
Ոստիկանությունն առաջարկում է բացի վերոնշյալից օգտագործել նաև «G» և «X» տառերը:
Արդյունքում` կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:
Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը : Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե որքան եկամուտներ է ոստիկանությունը ստանում այս «գոլդ» համարանիշների վաճառքից, ոստիկանապետի տեղակալը դժվարացավ տեղեկություն տրամադրել` պատճառաբանելով, որ վիճակագրություն չունի մոտը, նա միայն ասաց, որ գումարը գնում է բյուջե :
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց. «Սա գնում է արտաբյուջե, դուք եք ծախսում, մի հատ ճշտեք` ինչքան գումարներ է եկել, ինձ զեկուցեք» :