Ի՞նչ եղավ, երբ Նարեկին ասաց՝ աղջկա հարցում հանկարծ «չշշկռվեք»

Գոռ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի նկատմամբ բռնություն գործադրելով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, հասարակության նկատմամբ իր բարձր դիրքը և սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված համալսարանի ուսանողների և տարածքում գտնվող բնակարնների բնակիչների նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք։

Տուժող Նարեկ Մ.-ն դատաքննության, ով սովորում էր Երևանի Հայ-Ռոսական սլավոնական համալսարանի 1-ին կուրսում, 2015թ. ապրիլի ամսին համալսարանի հետևի մուտքից մտել է համալսարանի տարածք և այդ ժամանակ սրճարանում նստած մի տղա, այս գործով ամբաստանյալ Գոռ Մ.-ն, իր հետևից բղավել է, որ ինքը կանգնի: Ինքը կանգնել է տեղում, իսկ այդ տղան մոտեցել է իրեն և հարցրել է, թե նա որ կուրսից է, ինքը պատասխանել է:  Այնուհետև Գոռն ասել է, որ ինքը ուզած աղջիկ ունի նույն խմբից, և ցանկանում է այդ հարցով խոսել: Նարեկն այդ տղային առաջարկել է մի կողմ գնալ և խոսել, քանի որ դասախոսները կարող էին իրեն տեսնել: Այնուհետև իրենք դուրս են եկել համալսարանի դարպասներով, քայլել դեպի համալսարանի հետնամասում գտնվող հատված և այդ տղան հեգնական տոնով ասել է, որ ցանկանում է իրենց կուրսի բոլոր տղաներին հանդիպել և զգուշացնել, որ այդ աղջկա հարցում հանկարծ «չշշկռվեն»: Այդ ժամանակ իր նյարդերը տեղի են տվել, ինքը բռնել է այդ տղայի դոշերից, ասել, որ նա գժվել է, և այդ ժամանակ էլ այդ տղան աջ բռունցքով հարվածել է իր դեմքին, որի պատճառով ինքը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետին, իսկ այդ տղան դիմել է փախուստի: Այնուհետև ինքը զանգահարել է իր ընկեր Արայիկին և խնդրել գալ իր մոտ:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության փուլում ցուցմունք է տվել, երբ ինքը Նարեկին հարցրել է, թե նա երկրորդ խմբից ում է ճանաչում, վերջինս հեգնական տոնով պատասխանել է, որ բոլորին էլ ճանաչում է, որից հետո նույն հեգնական տոնով իրեն հարցրել է, թե իր ուզածն ի՞նչ է և առաջարկել է իրար հետ քայլել: Երբ իրենք հասել են համալսարանի հետևի պատի մոտ, Նարեկն իրեն «արա» դիմելով հեգնանքով հարցրել է, թե հիմա ասի, թե իր ուզածն ինչ է, բռնել է իր կրծքավանակի շորերից, իրեն հետ հրել և ցանկացել է հարվածել: Այդ ժամանակ ինքն աջ ձեռքով հարվածել է Նարեկի դեմքին, որից վերջինս վայր է ընկել:

Դատարանը, լսելով վկաներին ու հետազոտելով գործուն եղած ապացույցները, վճռել է Գոռ Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի` 250.000 ՀՀ դրամի չափով:

Գոռի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց` ստորագրություն` չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել