Ինչպես հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածու է առաջադրված՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու իրավաբան Նարեկ Ալոյանը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը ասաց, որ Նարեկ Ալոյանին չի ճանաչում, մյուս երկու թեկնածուների մասին դրական կարծիք ունի. «Տիկին Փոստանջյանին չեն նշանակի, պարզ է, ընդդիմադիր գործիչ է: Թաթոյանին ճանաչում եմ, հոյակապ մասնագետ է՝ շատ բարձր որակի իրավաբան, թե ինչպես կկարողանա դրսևորել իրեն ՄԻ պաշտպանի դերում, դժվարանում եմ ասել: Սակայն նախկիններին ոչնչով չի զիջում»:
Իսկ այն հարցին, թե ո՞վ է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ամենահանրաճանաչը, Տ. Աթանեսյանը պատասխանեց. «Դե, բնականաբար, տիկին Փոստանջյանն է հանրաճանաչ: Իմ կարծիքով, պետք է այդ պաշտոնը տրվի նաև ընդդիմությանը, բայց ունենք այն, ինչ ունենք: Չեմ կարծում, որ պաշտոնը տրվի մեկին, ով իշխանություններից կախված չէ: Իսկ պարոն Թաթոյանին ճանաչում եմ, վատ ընտրություն չէ»: