ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն ընդունել է արդարադատության ոլորտի ուսումնասիրության համար Հայաստանում գտնվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի փորձագետներին: Ծրագրի տնօրեն Վ. Գրոմլյուկը և խմբի ղեկավար Է. Սվանիձեն ներկայացրել են փետրվարին մեկնարկած ծրագրի հիմնական նպատակներն ու անելիքները: «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը Հայաստանում արդարադատության ոլորտի ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքները կշարունակի մինչև 2018թ.-ը:
Հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակում համագործակցությունը ՀՀ արդարադատության համակարգի, այդ թվում՝ ՀՀ դատախազության հետ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը ողջունել է մոնիտորինգային խմբի աշխատանքը՝ բարձր գնահատելով արդյունավետ համագործակցության հնարավորությունը: Ծրագրի տնօրեն Վ. Գրոմլյուկի խոսքով, «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկությունների փաթեթը օգտակար կլինի արդարադատության ոլորտում բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու համար: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել երկամյա ծրագրի իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքներն ամփոփել համատեղ քննարկման միջոցով: