Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի անօթևանների ճամբարում կրակոցներ են հնչել, որի արդյունքում 2 մարդ զոհվել է, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ABC լրատվականը:
Սիեթլի ոստիկանապետի օգնական Բոբ Մերները մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ զոհերը եղել են ճամբարում ապրողներ և հավելել է, որ ոստիկանները պատճառներ ունեն ենթադրելու, որ կրակոցները հասցեագրված են եղել կոնկրետ մարդկանց: Իսկ Սիեթլի ոստիկանապետն էլ հայտնել է, որ ամենայն հավանականությամբ ճամբարի մյուս բնակիչներին վտանգ չի սպառնում: Դեռևս ոչ-ոք չի ձերբակալվել, ոստիկանները դեպքի առնչությամբ հարցաքննել են վկաներին և այժմ հետախուզում են 2 անձի:
Կրակոցների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ըստ ոստիականության հաղորդած տվյալների՝ կանանցից մեկը, ում իսկությունը դեռ հայտնի չէ, տեղում մահացել է: Իսկ 4 վիրավորներ տեղափոխվել են Սիեթլի բժշկական կենտրոն, որտեղ տղամարդկանցից մեկը նույնպես մահացել է: Մյուս վիրավորները, ովքեր վնասվածքներ են ստացել կրծքավանդակի, որովայնի և մեջքի շրջանում, երեքշաբթի երեկոյան վիրահատվել են:
Դեռևս նոյեմբերին Սիեթլի Քաղաքապետ Էդ Մյուրեյը անօթևանների խնդրի առնչությամբ արտակարգ դրություն է հայտարարել քաղաքում։ Նա խոստացել է տրամադրել ավելի քան 7 միլլիոն դոլար ճգնաժամային վիճակը հաղթահարելու համար:
Պաշտոնյաները տեղեկացնում են, որ ոստիկանները ամբողջ գիշեր կմնան դեպքի վայրում և կհսկեն անօթևանների մյուս ճամբարները ևս:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը