ՀՀ Հարկադիր կատարման ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվության առնչությամբ տեղեկացնում ենք՝ կատարողական թերթերով բռնագանձումները կատարվում են պետական բյուջեի, ֆիզիկական, իրավաբանական անձանց օգտին:
Կատարողական գործողությունների կազմակերպման համար հարկադիր կատարողի կողմից ծախսվում են որոշակի միջոցներ, որոնք համարվում են կատարողական ծախսեր: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածը կարգավորում է պարտապանից գանձվող կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը: Պարտապանից գանձվող կատարողական ծախսը չի կարող գերազանցել բռնագանձվող գումարի 5 տոկոսը, բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի: Գանձված 5 տոկոսը փոխանցվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ: Ֆոնդում գոյացած միջոցների 50 տոկոսը օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս 50 տոկոսը՝ համակարգի զարգացման ուղղությամբ»: