Ի՞նչ պատասխանատվություն կարող է վրա հասնել սահմանված սերվիտուտը չպահպանելու համար

Սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման:

Սերվիտուտը կարող է լինել կամավոր (նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ) և հարկադիր (դատարանի կողմից սահմանված):

Սերվիտուտը չպահպանելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է  վարչական պատասխանատվություն:

Օրենքով, իրավական այլ ակտերով, պայմանագրերով կամ դատական կարգով հողամասի նկատմամբ սահմանված հողօգտագործման սահմանափակումները կամ սերվիտուտները չպահպանելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (հիսուն հազար ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկի (յոթանասուն հազար ՀՀ դրամ)  չափով:

Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է Տեղական ինքնակառավարման մարմինը (համայնքի ղեկավարը):

Երևանի քաղաքապետը քննում է Երևանի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինը (մարզպետը) քննում է հողերի օգտագործման նկատմամբ տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել