Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման իսկ օրից փաստաբան Հովիկ Արսենյանը հոռետեսական մոտեցում է ունեցել դրա հանդեպ. «Ստեղծման պահից էլ ես ասել եմ, որ մահացած մանուկ է ծնվելու: Քանի որ այն պայմանները չկան, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա լիարժեք իր պարտականությունները կատարել պետության, հասարակության առջև»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է փաստաբանը:
Հ. Արսենյանի խոսքով, օմբուդսմենի ինտիտուտը լիարժեք կկարողանա իր գործունեությունը կատարել, երբ Հայաստանը կլինի իրավական պետությունում և օրենքի գերակայություն կլինի. «Ասում ենք իրավական պետություն ենք, սակայն մենք շատ հեռու են Սահմանադրության առաջին հոդվածի պայմանները կատարելուց»:
Ինչ վերաբերում է հունվարի 12-ին պաշտոնից հրաժարական տված Կարեն Անդրեասյանին, փաստաբանը նշում է, որ նա իր նախորդների հանդեպ առավել լավ է աշխատել. «Ես գտնում եմ, որ Կարեն Անդրեասյանն այս գորշ իրականության պայմաններում կարողացել է, ձգտել է օգտակար լինել մեր հասարկությանը և քաղաքացիներին: Պարտականությունները բարեխղճորեն է կատարել»:
Իսկ հարցին, թե որքանով էր ընդունելի, որ նա այդպես էլ չհայտնեց իր հրաժարականի պատճառների մասին, փաստաբանը ենթադրություններ չի ուզում անել և նշում է, որ դա իր անձնական որոշումն է եղել:
Լուսանկարը՝ hetq.am-ի