Գյումրիում ռուսական ռազմաբազայի տարածքում այսօր սկսվեց Ավետիսյանների սպանության գործով 3-րդ դատական նիստը: Թեև նիստին ներկա չէին տուժողի իրավահջորդների ներկայացուցիչներ Երեմ Սարգսյանն ու Երվանդ Վարոսյանը, սակայն նիստը շարունակվեց. տուժողների իրավահաջորդները չառարկեցին նիստը շարունակել այդ պայմաններում:
Այսօրվա դատական նիստում իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնեց ամբաստնյալ Վալերի Պերմյակովը. նա իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր մեղադրանքներում։
Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը միջնորդեց դատարանին, որպեսզի վերջինս ռուսական կողմից պահանջի այս գործով նրանց կատարած քննության փաստաթղթերը՝ հայկական գործին կցելու համար։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նույնպես միջոնդրություն ներկայացրեց, որպեսզի դատարանը ռուսական կողմից տեղեկություն պահանջի, թե արդյոք այլ անձանց հանդեպ հարուցվել են քրեական գործեր՝ Պերմյակովին զորակոչելու, զենք տրամադրելու համար: Դատարանը, Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, հետաձգեց միջնորդությունների քննությունը։
Այսօրվա դատական նիստին սկսվեց նաև վկաների հարցաքննությունը: