Հարցազրույց փաստաբան Նորայր Նորիկյանի՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի վերաբերյալ:
Ձեզ համար տարօինա՞կ չէր պաշտպանի հրաժարականը:
Ո՛չ, տարօրինակ չէր, ավելին` անցած հոկտեմբեր ամսին Ազգային Ժողովում «2014թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկումից հետո սպասելի էր այս հրաժարականը:
Կարեն Անդրեասյանը դարձել էր թշնամի յուրայինների մեջ, և անընդունելի այն մարդկանց համար, որոնց շնորհիվ, ի դեպ, դարձել էր Մարդու իրավունքների պաշտպան:
Ցանկանում եմ ընդգծել, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում նրա գործունեությունը թիրախավորված էր պետական մի շարք առանցքային կառույցների և գերատեսչությունների կողմից, և արդեն հասկանալի էր, որ հող է պատրաստվում` նրանից ձերբազատվելու համար:
Ինձ համար որպես քաղաքացու, որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատի, վիրավորական է, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն այս աստիճան անպաշտպան է, և իրականում ինքն ունի պաշտպանության կարիք:
Ավելին, փորձ է արվում նսեմացնելու այս կառույցի նշանակությունն ու դերակատարությունն այն դեպքում, երբ անկախ պաշտպանի անձից, նրա կողմից հրապարակված զեկույցները պետք է դառնան լրջագույն քննարկման առարկա և պետք է լրջագույն հետևություններ կատարվեն:
Հիմնավո՞ր էին արդյոք հրաժարականի վերաբերյալ Կարեն Անդրեասյանի պարզաբանումները:
Իմ կարծիքով, դրանք հիմնավոր չեն, պարզապես ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ձևակերպված մտքեր են, որոնք գուցեև գեղեցիկ են, սակայն, մենք, ինչպես մնացած բոլոր հրաժարականների դեպքում, այս դեպքում նույնպես չենք իմանա դրանց իրական պատճառները:
Ինչպե՞ս կգնահատեք նրա գործունեությունը:
Գործունեությունը գնահատում եմ նորմալ: Ավելին, այս թոհուբոհի մեջ, երբ մարդը, փաստորեն, բոլոր կողմերից ստանում էր հարվածներ և մինչև այս պահը կարողանում էր դիմադրել, նշանակում է, որ, այդուհանդերձ, որոշակի սանդղակի հասցրել էր իր գործունեության մակարդակը: Համենայնդեպս, զուտ աշխատանքային կարգով, մի քանի անգամ ինքս դիմել եմ անձանց իրավունքների պաշտպանության հարցերով, նրա արձագանքը ադեկվատ է եղել:
Ի՞նչ բացասական քայլեր է իրականացրել Կարեն Անդրեասյանը:
Չէի ասի բացասական: Պարզապես Կ. Անդրեասյանին և նրա թիմին չհաջողվեց ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության ուժեղ ու մարտունակ համակարգ: Հակառակ դեպքում այսպիսի զարգացումը պարզապես բացառված էր: Բայց եկեք խոստովանենք, որ դա միայն իր մեղքը չէ: Սա մեր ընդհանուր խնդիրն ու ցավն է:
Ի՞նչ խնդիրներ են շարունակում ծառացած մնալ այս գրասենյակի առջև:
Ձեր հացի պատասխանը գտնվում է նախորդ հարցի պատասխանում: Անհրաժեշտ է ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության ուժեղ ու մարտունակ համակարգ, որ վեր հանվեն մարդու իրավունքների խախտման հնարավոր բոլոր դեպքերը, և այս գրասենյակը լինի հետևողական, որ անխտիր բոլորը, անկախ իրենց զբաղեցրած դիրքից, պաշտոնից, հայրենիքին մատուցած ծառայություններից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության:
Գևորգ Թոսունյան