«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն անձնագիրը փոխանակվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման քաղաքացու անձնագրում.
2) լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը.
3) լրացել է անձնագրի վավերականության ժամկետը.
4) անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ.
5) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն.
Անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող անձնագիրը: Դրանում ամրագրված տվյալները տվյալ անձի վերաբերյալ առկա տվյալների հետ համեմատելուց հետո անձնագիրն անմիջապես վերադարձվում է քաղաքացուն, բացառությամբ հետևյալ դեպքերի.
- լրացել է դրա վավերականության ժամկետը
- անձնագիրը կեղծվել է
- անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ:
Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:
Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է անձնագրի վավերականության ժամկետը, և քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ անձնագիր:
Եթե օտարերկրյա պետությունում, որտեղ գտնվում է անձը, Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա քաղաքացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից փոստով ստանալու վերադարձի վկայական կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ունեցող որևէ պետություն մուտք գործելու իրավունք վերապահող փաստաթուղթ:
Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) փոխանակման ենթակա անձնագիրը.
3) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).
4) պետական տուրքի վճարման անդորրագիր:
Անձնագիր փոխանակելու համար քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում լուսանկարվում և հանձնում է մատնադրոշմները ոստիկանության մարմնում, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում:
Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում փոխանակվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց անձնագիր փոխանակելու ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը փոխանակվում է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:
Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում, ապա դիմումն ընդունվում է և դիմումատուին առաջարկվում 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը և (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:
Անձնագիր փոխանակելը մերժվում է, եթե`
1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը.
2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում: