Կիրակի օրը Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն` ցեղային առաջնորդի տանը, որտեղ հավաքույթ էր կազմակերպվել՝ նշելու առաջնորդի որդու ազատումը Թալիբանի գերությունից: Ահաբեկչության հետևանքով 13 մարդ է զոհվել, որոնց թվում է նաև առաջնորդի որդին, իսկ առնվազն 14 հոգի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել: Թալիբանի խոսնակը Twitter-ի իր էջում հերքել է ահաբեկչության՝իրենց կողմից կազմակերպած լինելու վարկածը: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Աֆղանստանում, մինչդեռ քայլեր են ձեռնարկվում Թալիբանի հետ հաշտության գործընթացի վերսկսման ուղղությամբ:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը