Եթե ՀՀ քաղաքացիների երեխան ծնվում է օտարերկրյա պետությունում

Շատ հաճախ Իրավաբան.net-ին հարցնում են, եթե երեխան ծնվում է օտարերկրյա պետությունում, որի ծնողները ՀՀ քաղաքացիներ են, արդյոք, առանց ծնողների ցանկության, երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն.

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ:

Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ եթե ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը և անձնագիրը, իսկ մինչև 16 տարին լրանալը նաև` ծննդյան վկայականը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել