Արձանագրվել է H1N1 վարակով 3 հիվանդի մահ (լրացված)

Առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ Հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:

Ցավով տեղեկացնում ենք, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի։

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում:

Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 14 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:

Բացի այդ, նշվում է, որ Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ:

Հաղորդվում է, որ ձեռքբերված «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ դեղի հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հունվարի 12-ից հանրապետության մարզային և քաղաքային բոլոր բժշկական հաստատություններին բաշխվել է որպես մարդասիրական օգնություն ստացված 12 անուն հակավիրուսային, հակամանրէային դեղեր և վիտամիններ, ինչպես նաև բժշկական նշանակության ապրանքներ, որոնք ևս կտրամադրվեն բնակչությանը` ըստ ցուցումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել